Բաժիններ՝

«50 հազարանոց մեքենայով խախտում են անում, ասում են՝ ես փող չունեմ վճարելու, կամ՝ ես լավ տղա եմ, չեմ ուզում վճարեմ». ՀՀԿ-ական պատգամավորները համաներման օրինագծում խնդիրներ են տեսնում

«Մենք պետք է հավասարություն դնենք այն վարորդների միջև, որոնք վճարել են այդ տուգանքների համար, և նրանց, ովքեր չեն վճարել»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում են համաներում իրականացնել ճանապարհային երթևեկության ապահովման բնագավառի վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ։ Վարչական պատասխանատվությունից կազատվի մոտ 150 հազար անձ։

Մ. Պողոսյանը վստահ է՝ եթե պետությունը 13.5 միլիարդ դրամ կարող է հատկացնել դրա համար, պետք է այդքան էլ հատկացվի այն վարորդների մասով, որոնք վճարել են. «Ես կարծում եմ՝ սա բարեխիղճ վարորդների նկատմամբ ոչ համարժեք, ոչ ճիշտ մոտեցում է»։

Նույն խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ նշեց, որ խոսքը չի կարող լինել համաներման մասին. «Խոսքը կարող է գնալ պարտքի զիջելու մասին։ Պետությունը որոշում է կայացրել պարտք զիջել, համաներում չկա ու չէր էլ կարող լինել։ Հետևաբար՝ այդ պարտքի զիջման ընթացքում կարող են լինել տարբեր մոտեցումներ։ Բոլոր դեպքերում բարեխիղճ վճարողների հարցը նույնպես պետք է արձանագրված լիներ։ Ես համոզված եմ, որ այս քայլն անրաժեշտ էր անել, բայց համոզված չեմ, որ սրանով մենք բուժում ենք հիվանդությունը։ Եթե մենք շատ կտրուկ, համակարգային փոփոխություններ չանենք, այս նույն երևույթը կմնա»։

Կարդացեք նաև

Պատգամավոր Հայկ Բաբուխանյանի համար անհասկանալի է կառավարության և ԱԺ-ի շտապողականությունն այսպիսի կարևոր հարցերով.

«Հնարավորություն ստեղծեք՝ նորմալ քննարկենք հարցերը ու վերլուծենք իրավիճակը։ Երբ կառավարությունը նման  կարևոր նախագիծ է բերում, պետք է նաև վիճակագրություն ներկայացվի՝ այդ խախտողներից քանիսն են աղքատ, քանիսն են հարուստ, ինչ մեքենաներով են կատարել այդ խախտումները, բոլորը «ժիգուլիներո՞վ» են կատարել այդ խախտումները,  էն թանկարժեք՝ 50 հազարանոց, 10 հազարանոց, 150 հազարանոց մեքենաներով չե՞ն կատարել։ Բերեք, նորմալ ձևով ներկայացրեք հարցը, որ մենք էլ կարողանանք վերլուծենք։ Հիմա մենք սրանով ասում ենք՝ ժողովուրդ, որ չեք վճարել՝ ոչինչ, իսկ ով վճարել է՝ էլի ոչինչ։ 50 հազարանոց մեքենայով խախտում են անում, ասում են՝ ես փող չունեմ վճարելու, կամ՝ ես լավ տղա եմ, չեմ ուզում վճարեմ։ Մենք առաջարկում ենք, որ նրանք, ովքեր վճարել են, տանք վաուչերներ, դրանից ո՛չ բյուջե կտուժեր, ո՛չ որևէ մեկը։ Ինչո՞ւ պետք է 150 հազար մարդու մենք լավություն անենք, իսկ 1 միլիոն մարդու այդ լավությունը չանենք։ Արե՛ք հավասար համաներում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս