Բաժիններ՝

Ճանապարհային երթևեկության իրավախախտումների համար նախատեսվող համաներումը կտարածվի նաև արդեն վճարածների վրա. փոփոխություն օրինագծում

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը։

Հիշեցնենք, որ օրինագծով առաջարկում են համաներում իրականացնել ճանապարհային երթևեկության ապահովման բնագավառի վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ։ Վարչական պատասխանատվությունից կազատվի մոտ 150 հազար անձ։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում ասաց, որ առաջինից երկրորդ ընթերման ժամանակահատվածում իրենք օրինագծում որոշակի փոփոխություններ են իրականացրել.

«Մտահոգություններ կային նախ նրա վերաբերյալ, որ վարչական իրավահարաբերություններում համաներման կիրառման իրավական հիմքերը հստակ չեն։ Կառավարությունն ընդունեց առաջարկը ու փաթեթին կցեց ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծ, որով «ամնիստիա» բառը փոխարինեց  «համաներման մասին օրենք» բառակապակցությամբ, ինչպես նաև հոդված է առաջարկվում, որը կոչվում է «Համաներումը»։ Սա այն իրավական հստակ հիմքը կլինի, որ մենք ցույց կտանք՝ Սահմանադրության որ հոդվածի հիման վրա կարող է կիրառվել համաներում»։

Կարդացեք նաև

Փոխնախարարը նշեց, որ իրենք նաև ընդունել են ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի առաջարկը. «Խոսքը վերաբերում է նրան, որ համաներումը տարածվի այն անձանց նկատմամբ, ովքեր վճարել են տուգանքները, սակայն հետևյալ կերպ. այդ անձինք համաներման ընդունման պահից կհամարվեն խախտում չկատարած, այսինքն՝ այն ռեժիմը, որ մեկ տարվա ընթացքում խախտում է կատարում և խախտման կրկնակիությունը բերում է ծանրացնող հանգամանքների, մենք համաներման ակտով վերացնում ենք»։

Ա. Հովհաննիսյանը նկատեց, որ առաջարկներ կային նաև այն մասին, որ համաներումը տարածվեր 2017 թվականի դեկտեմբերի 31-ից հետո էլ, սակայն նա ասաց, որ այստեղ և՛ ֆինանսական, և՛ բարոյական խնդիրներ են տեսել, ինչի համար չեն ընդունել առաջարկը։

Հիշեցնենք, որ այդ առաջարկը հնչեցրել էր «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս