Բաժիններ՝

«Հրաբուխ» ֆիլմի սցենարը հեղինակները գրել են 5 տարում

Ուկրաինական կինոյում թեմատիկ սահմանափակումներ չկան, գրաքննությունն էլ բացակայում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ուկրաինացի օպերատոր Վադիմ Իլկովը: Նա Հայաստան է բերել Ուկրաինայի և Գերմանիայի արտադրած ռեժիսոր Ռոման Բոնդարչուկի «Հրաբուխ» կինոնկարը, որ Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային մրցույթ» ծրագրում է:

«Մենք շատ ենք սիրում այս ֆիլմը: Սցենարը 5 տարում ենք գրել, իսկ հերոսներն իրական նախատիպեր ունեն: Ուկրաինայում այսօր բազում գործընթացներ են տեղի ունենում, երկիրը փոխվում է: Այս առումով կինովավերագրողները թեմաների լայն ընտրություն ունեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Վադիմ Իլկովը: Նրա խոսքով՝ այն ամենը, ինչ կատարվում է հասարակությունում, ազդում է արվեստով զբաղվողների վրա, և այս առումով անտարբեր անցնել չի ստացվում: Մյուս կողմից, ըստ նրա, Ուկրաինայում շատ են համատեղ արտադրությամբ նկարվող ֆիլմերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ:

Ֆիլմի պրոդյուսեր Դարյա Բասելը փաստում է՝ «Հրաբուխ»-ի ռեժիսոր Ռոման Բոնդարչուկի հետ վաղուց է աշխատում: Ֆիլմը նկարահանվել է Խերսոնի տարածաշրջանում: «Մեկ շաբաթ առաջ Կառլովի Վարիում տեղի է ունեցել կինոնկարի համաշխարհային պրեմիերան: Մյունխենում է ցուցադրվելու, հետո տեղի կունենա ֆիլմի ազգային պրեմիերան»,-ասաց Բասելը:

Տարօրինակ համընկումների շարանը «Հրաբուխ» ֆիլմի հերոսին՝ ռազմական անցակետի ստուգման շրջայցի թարգմանիչ Լուկասին հասցնում է ուկրաինական տափաստանի մի հեռավոր գյուղ: Գնալու ոչ մի տեղ չունենալով` քաղաքաբնակ տղան ապաստան է գտնում վառ բնավորությամբ օժտված մի տեղացու տանը: Իրեն հյուրընկալող Վովային որպես իր ուղեվար ընդունելով` Լուկասը բախվում է իր պատկերացումներից դուրս գտնվող մի անարխիստական աշխարհի, որտեղ, թվում է, կյանքը բացարձակապես կապ չունի որևէ ճանաչելի կառուցվածքի հետ: Վովայով ու նրա դուստր Մարուշկայով հրապուրված Լուկասի արհամարհանքը գավառական կյանքի հանդեպ կամաց-կամաց հալվում է՝ նրան մղելով այնպիսի երջանկություն որոնելու, որի գոյության մասին երբեք չի իմացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս