Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բրյուսել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում: Ինչպես տեղից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այցն աշխատանքային է: Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Փաշինյանը կհանդիպի Եվրամիության կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: Ծրագրով նախատեսված է հանդիպում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։ Տեղի կունենա նաև վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ:

Նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը Կարնեգի հիմնադրամում՝ փորձագիտական լայն շրջանակների համար:

Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպելու է նաև բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցը կեզրափակվի հուլիսի 13-ին:

Տեսանյութեր

Լրահոս