Սպանություն կատարելու մասին «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցների հասցեին հնչած արտահայտությունները լուրջ բնույթ չեն կրել. ԱԱԾ

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ հասարակական, բնապահպանական տարբեր շրջանակներում քննարկումները և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների ու հանքի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների միջև տարաձայնությունները վերջին շրջանում վերաճել են լուրջ հակասությունների: Նման իրավիճակը հասարակական լայն հնչեղության շնորհիվ գտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և լայնորեն լուսաբանվում են բոլոր կողմերի դիրքորոշումները:

Պետության և հասարակության համար այս կարևորագույն խնդրով մտահոգ անձինք իրենց գործողություններով, երբեմն հատում են օրինականության սահմանները, ինչը չի կարող անտեսվել իրավապահ մարմինների կողմից:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում 2018 թվականի հուլիսի 6-ին հաղորդում է ստացվել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրինության կողմից, որ նույն օրը «Առաջին լրատվական» կայքին տված հարցազրույցում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ զենքի գործադրմամբ սպանության սպառնալիքներ են հնչեցրել ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հասցեին:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի («Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը») հատկանիշներով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպանության սպառնալիքներ հնչեցրած անձինք ՀՀ քաղաքացիներ Ա.Բ.-ն և Ա.Ա.-ն են:

2018 թվականի հուլիսի 6-ին Ա.Բ.-ն և Ա.Ա.-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ, որտեղ որպես կասկածյալ ցուցմունք են տվել, որ սպանություն կատարելու վերաբերյալ արտահայտությունները լուրջ բնույթ չեն կրել, իրականում իրենք որևէ զենք չունեն, որևէ մեկի ընտանիքի անդամներից տեղյակ չեն, իսկ իրենց պայքարն Ամուլսարի հանքի շահագործման դեմ կրում է խաղաղ բնույթ և տարվում է բացառապես օրինականության սահմաններում: Նշված անձինք նաև հայտարարել են, որ զղջում են կատարվածի համար և անընդունելի են համարում նման վարքագիծը:

Քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել ՀՀ նշված քաղաքացիների բնակության հասցեներում, որոնց արդյունքում գործի համար էական նշանակություն ունեցող ոչինչ չի հայտնաբերվել: Ա.Բ.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Նախաքննությունը շարունակվում է:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին` իրենց իրավունքների համար պայքարել բացառապես օրինականության դաշտում և զերծ մնալ բռնության, հարկադրանքի որևէ դրսևորումից:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս