Բաժիններ՝

«Միշտ կարծել եմ, որ եթե տղամարդ լինեի՝ հոգևորական կդառնայի…»

Հայերենը տուն է: Հայերենում ենք ապրում բոլորս: Եվ կան մարդիկ, ովքեր որևէ ջանք չեն խնայում, որ մեր տունը մաքուր և ամուր մնա: Նարինե Դիլբարյանն այդ մարդկանցից է:

«Այսօր հայերենի ամենամեծ խնդիրը լեզվակիրների անտարբերությունն է նրա նկատմամբ:

Հայերենը ճկուն և մարտահրավերներ ընդունող լեզու է. Աստված մեր լեզուն օժտել է այդ զորությամբ: Մենք գանձ ունենք, որի արժեքն ամբողջությամբ չգիտենք, և դա է պատճառը, որ հաճախ դյութվում ենք օտարալեզու բառերով»,- նշում է լեզվաբանը:

«Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում Նարինեն խոսել է կյանքը լիարժեք դարձնող արժեքներից, իր հավերժական սիրուց՝ գրաբարից, ուսուցանելու երջանկությունից:
Զրույցի լավագույն հատվածները՝ ստորև.

Երբ ես ծնվեց, որոշեցի, որ Աստծո դուստրն եմ և առաքելություն ունեմ այս կյանքում:
Սեփական առաքելության գիտակցումը նման է շենքի կառուցմանը. դրա հիմքը դրվում է մանկության տարիներին, ապա ժամանակի հետ ավելանում են պատերը, խոյակներն ու զարդաքանդակները:

Իմ առաքելությունն ուսուցանելն է, սովորեցնելը: Սա երկու շրջան է ենթադրում. նախ ինքդ պիտի սովորես, հավաքես որոշակի պաշար, ինչը հնարավորինս լայն շրջանակներ պիտի ընդգրկի, դրանից հետո կուտակածդ անհրաժեշտաբար բաշխես լսարանին՝ միևնույն ժամանակ շարունակելով սովորել. սովորելն ու սովորեցնելը համաժամանակյա գործընթացներ են:

Տունն, ուր ապրել եմ մանկությանս տարիներին, խստապահանջ ու մշտապես դեպի աշխատանքը մղող մթնոլորտ ուներ: Ծնողներս մանկավարժներ էին, հայրս՝ մաթեմատիկոս, մայրս` բանասեր: Ու թեև ես խորը հարգանք ու մեծ ակնածանք ունեի մաթեմատիկայի հանդեպ, բայց, ի վերջո, մասնագիտություն ընտրելիս բանասիրության հանդեպ իմ անզուսպ սերն ու խանդավառությունը հաղթեցին:

Աշխատասիրությունն է լավագույն դասը, որ քաղել եմ ծնողներիցս. նրանք ինձ փոքրուց սովորեցրել են, որ եթե աշխատես՝ կհասնես. սա է հաջողության բանալին: Եվ իմ կյանքի տարբեր շրջաններում համոզվել եմ, որ աշխատանքն ամեն ինչից փրկում է:

Երբեմն կարոտում եմ այն մենակությանը, որ կար մանկությանս տարիներին (ժպտում է,-հեղ.): Ինձ բավական փոքր տարիքից բոլորովին մենակ էին թողնում տանը. ծնողներս աշխատում էին, տատիկներս հեռվում էին: Սկզբում վախենում էի մենակ մնալուց: Հետո ինձ համար մի զարմանալի ստեղծարար շրջան սկսվեց: Մեր հյուրասենյակում մի կլոր սեղան կար դրված, մենակ մնալիս սկսում էի պտտվել այդ սեղանի շուրջ ու ինքս ինձ համար հեքիաթներ հյուսել՝ մտովի պատկերացնելով, որ պատմածս-լսածս հեքիաթների հերոսներից մեկն եմ: Մենակության այդ երկու-երեք ժամը վերածվում էր ինքս իմ միջև երկխոսության:

Հիմա նույնպես կարդում եմ հեքիաթներ, հեքիաթների գրքերի մեծ ընտրանի ունեմ:
Հայ ժողովրդական հեքիաթները բարբառներով ընթերցելիս հասկանում ես, որ դրանց մեջ զարմանալի խորություն կա, ինչը չես ասի մշակված ու գրական լեզվով վերապատմված հեքիաթների մասին. խիստ կոկված են ու դրանց միջից հանված են կարևոր գաղտնագրերը: Իսկ բանահյուսական, անխառն հայոց հեքիաթների ժողովածուներն ամենամխիթարականն են կյանքի ցանկացած իրավիճակում:

Աստված թաքնված ու հզորագույն հերոս էր, երբ մանուկ էի: Մեծացել եմ, կարելի է ասել, անհավատության ժամանակներում: Մեր տանն Աստվածաշունչ չէին կարդում: Ինքս առաջին անգամ այն կարդացել եմ առաջին կուրսում, երբ գրաբար էի ուսումնասիրում: Եվ գրաբարը դարձավ այն դարպասը, որը բացվեց ու ինձ առաջնորդեց դեպի Աստծո աշխարհ:

Հիմա Աստված հավերժության ու խանդավառության աղբյուրն է. ես հավատում եմ անմահությանը՝ որքան էլ պարզունակ հնչի այս միտքը: Մեր հոգիները ճամփորդում են: Հավատն առ Աստված թույլ է տալիս վստահ լինել, որ դու երբևէ որևէ բան կիսատ չես թողնի: Աստված շարունակականություն է, և սա է մարդուն ուժ տալիս:

Գրաբարի կարևորությունն, իմ համոզմամբ, վիթխարի է: Այն բանալի է, որն ունակ է բացելու մարդու ներաշխարհի գաղտնիքները: Մարդն, այս առումով, մշտապես պիտի որսորդ լինի՝ հետամուտ նորանոր գաղտնիքների բացահայտմանն ինքն իր ներսում:

Դեպի իսկական անհայտություն տանող ճանապարհը դասական լեզուներն են՝ հին հունարենը, լատիներենը, գրաբարը… Մարդկության արշալույսին մարդիկ շատ հզոր էին, միգուցե նոր էին դրախտից վտարվել, և վերադարձի ճանապարհներն ավելի հասանելի էին: Ինչքան հազարամյակներ անցան, այնքան, թվում է՝ նոր գիտելիքներ ձեռք բերեցինք, բայց հեռացանք նախաստեղծ բացարձակ ճշմարտությունից: Եվ դասական լեզուները, այս դեպքում՝ գրաբարը, մեզ վերադարձնում ու մոտեցնում է դրան:

Իմ մեծագույն ուսուցչից՝ Ռաֆայել Իշխանյանից եմ ժառանգել հայոց լեզվի հանդեպ բացարձակ նախանձախնդիր վերաբերմունքը: Նա պատգամում էր պայքարել լեզվի համար, երբ տեսնում ենք, որ այն ոտնահարվում է, ոտնահարվում է օտարալեզու բառերով, շարահյուսական կաղապարներով: Առաջ կարծում էի, որ սա այնքան էլ էական չէ, ինքդ պիտի քո մաքուր խոսքի մասին հոգ տանես, և որ մնացելոց խոսքն իրենց խնդիրն է: Բայց ուսուցիչս իմ մեջ ամրակայեց բոլորովին այլ կարծիք այս հարցի վերաբերյալ: Բոլորիս խոսքը կարևոր է, և մենք պետք է անհանգստանանք ու ջանք թափենք ժողովրդախոսակցական մայրենիի դիրքերն ամուր պահելու համար:

Պարտականություններ, կարգապահություն, աշխատանք. ահա այն երեք երևույթները, որոնց վրա հիմնված է իմ կյանքը: Այսպես ապրելն, իհարկե, բարդ է, բայց ես, ընդհանուր առմամբ, երջանիկ եմ իմ կենսաշխարհում:

Հուսահատության պահերին հեքիաթ եմ կարդում, հատկապես հրաշապատում հեքիաթներ:

Անհնարինի ու կախարդանքի աշխարհը գնալիս բոլոր դժվարություններն աստիճանաբար նահանջում են: Ընկճախտային պահերին վերցնում ես ինչ-որ հատոր, բացում ես կամայական էջ և կարդում: Փորձված միջոց է (ժպտում է,-հեղ.):

Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս սովորեցի, որ պետք չէ վախենալ պարտություններից: Դրանք հաճախ մեզ ավելի հզոր են դարձնում, քան հաղթանակները կարող են անել:

Կյանքը լիարժեք է, երբ դու շրջապատված ես քեզ հասկացող, գաղափարակից, քո տեսակի մարդկանցով:

Երկիր մոլորակը պտտում է սերը, սերը դեպի լեզուն, պատմությունն, ընտանիքը, գիտելիքը, ուսուցումը…

Աշխարհը հզոր է, մեծ և անծայրածիր:

Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում գիտական աշխատանք կատարելիս, դրա ընթացքում և ներկայացման ժամանակընթացում: Յուրքանչյուր գիտական հոդվածի վրա աշխատելիս մոտենում ես արարչագործությանը: Որովհետև բացահայտումներ ես անում, ապացուցումներ գտնում և այդժամ ես հասկանում, որ կարողացել ես աստվածային զինանոցից որոշ գործիքներ վերցնել ու կիրառել:
Երեխայի ծնունդը նույնպես մարդուն մոտեցնում է Աստծուն: Երբ նորածին ու խոնավ երեխադ կրծքիդ է, նայում ես նրան ու մտածում՝ մի՞թե դու ես այդ հրաշքի ստեղծողը…

Իմ կյանքի սերը գրաբարն է և դրանով ստեղծված մշակույթը:

Երբ լեզուն գեղեցիկ է, մտքերը նույնպես գեղեցիկ են: Ես դեռ չեմ հանդիպել մի մարդու, ով գեղեցիկ խոսք ունենա, բայց՝ տխեղծ մտքեր. դրանք այնքան կապված են միմյանց:

Իմ աշխատանքում ամենաբարդը գեղեցիկի հանդեպ առկա համառ դիմադրությունը հաղթահարելն է: Նոր սերնդի մեջ որոշակի շրջանակ կա, որը դիմադրություն ունի գեղեցիկի հանդեպ:

Մարդն սկսում է մահանալ, երբ կորցնում է արարելու ունակությունը: Ընդ որում, այդ արարումը կարող է շատ մեծ բան չլինել… կարող ես ծաղկավաճառից մի քանի ծաղիկ գնել, հրաշալի փունջ պատրաստել ու տանել տուն, բոլորին ուրախացնել. սա ևս արարում է:
Արարում է այն ամենը, ինչը և՛ քեզ է բավականություն պատճառում, և՛ մյուսներին:

Սիրած եկեղեցի ունեմ, Սուրբ Շողակաթն է. այնտեղ ինձ շատ լավ եմ զգում: Հավանաբար նաև այն պատճառով, որ ընտանիքս այդ եկեղեցում է սկզբնավորվել, շատ խաղաղ եկեղեցի է, հրաշալի պարտեզ ունի: Շատ սիրում եմ նաև մեր խոնարհված վանքերը:

Քրիստոսից երկու հազար տարի անց, կարծում եմ, մարդկությունը վերջապես կվերագտնի իրեն. կկարողանանք ստեղծել դրախտը:

Դրախտն իմ պատկերացմամբ ներդաշնակ կյանքն է, բայց անպայման աշխատանքային (ժպտում է,-հեղ.): Վայր, ուր ստեղծվում ու արարվում են գրական գործեր, երաժշտական ու գիտական աշխատանքներ, ուր յուրաքանչյուրն ունի իր զբաղմունքը և երջանիկ է դրանով: Մեր կյանքը կարող է դրախտ լինել, եթե ձերբազատվենք սին գաղափարներից, անհեթեթ արժեքներից, կարողանանք ցորենը որոմից տարբերել…

Աստվածաշնչից ինքս ինձ համար առանձնացնում եմ. «Մի՛ տայք զսրբուիւն շանց, եւ մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց, զի մի՛ առ ոտն կոխիցեն զնոսա, եւ դարձեալ երգիծուցանիցեն զձեզ» խորհուրդը (ամբողջը հենց գրաբարով մեջբերում է և խնդրում գրաբարով էլ տեղադրել նյութում,-հեղ.): Հաճախ մենք չենք նկատում, որ վատնում ենք մեր ամենաթանկը, մեր ունեցած ժամանակը սխալ մարդկանց համար:

Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ՝ իսկապես հրաշք տեղի կունենա. մարդիկ կիմաստնանան:

Մեր բոլորի աչքերը պատված են թաղանթով, ինչը թույլ չի տալիս տեսնել ճշմարտությունը. մենք այն խիստ աղավաղված ենք տեսնում: Միշտ կարծել եմ, որ եթե տղամարդ լինեի՝ հոգևորական կդառնայի… Եթե Քրիստոս հիմա գար աշխարհ՝ նրա նվիրյալ աշակերտը կդառնայի, առաքյալ կլինեի (ժպտում է,-հեղ.):

Զրուցեց՝ Ա. Պողոսյանը
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս