
ՀՀ զինված ուժերը առնվազն երկու անգամ ավելի շատ ադրբեջանական բնակավայրեր վերահսկելու հնարավորություն ունեն. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդմանը, թե մոտիկից դիտարկման տակ են պահում Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը, նշեց՝ ՀՀ զինված ուժերը առնվազն երկու անգամ ավելի շատ ադրբեջանական բնակավայրեր են վերահսկում: Հովհաննիսյանն այս մասին ասաց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում:
«Հայաստան-Ադրբեջան սահմանագոտու երկարությամբ կան այդպիսի 30 տեղամասեր՝ այդ թվում առաջնային նշանակության ճանապարհներ, որ հակառակորդը կարող է մշտապես դիտարկել: Տավուշի մարզում 20-ից ավելի բնակավայրերի համար ևս վտանգ կա: Դրան ի պատասխան՝ մեր զինված ուժերը ունեն այդպիսի հնարավորություն ադրբեջանական շուրջ 50 բնակավայրի նկատմամբ»,-ասաց Հովհաննիսյանը:
ՊՆ խոսնակի կարծիքով՝ վերահսկելու գործոնը ինչ-որ կերպ շահարկելը Ադրբեջանի օգտին չէ: «Հայկական կողմն առնվազն 2 անգամ ավելի շատ բնակավայրեր է տեսնում և վերահսկում: Մենք պարզապես դրա մասին չենք բարձրաձայնում»,-նշեց Հովհաննիսյանը:
Նրա հավաստմամբ՝ վերահսկողության մեջ վտանգ կա, բայց ռազմական գործողության ժամանակ այն լուրջ վտանգ չի ներկայացնի և դեր չի խաղա: