Որո՞նք են լինելու Թուրքիայի նոր կառավարության արտաքին քաղաքականության գերակա խնդիրները

Հունիսի 24-ին Թուրքիայում կայացան արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Առաջիկա օրերին հայտնի կդառնա Թուրքիայի նոր կառավարության կազմը։

Թուրքական լրատվամիջոցը վերլուծական հոդված է հրապարակել, որտեղ խոսվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության 5 գերակա խնդիրների մասին:

Նշվում է, որ ով էլ նշանակվի Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում, Անկարան շարունակելու է վարել ակտիվ արտաքին քաղաքանություն։ Մասնավորապես կշարունակի ակտիվ դերակատարություն ունենալ  տարածաշրջանային  և գլոբալ հարցերում։  Եվ այս առումով Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարի վրա կդրվի ավելի մեծ պատասխանատվություն, քանի որ հունիսի 24-ից հետո Թուրքիան թևակոխելու է նոր փուլ։

Ըստ հոդվածի՝ նոր Թուրքիայի արտաքին քաղաքականության 5 գերակա խնդիրներն են լինելու.

1. Հյուսիսային Սիրիա և տեղի քրդական ուժեր

Այս խնդրում թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են լարված մնալ, քանի որ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդերին համարում է ահաբեկչական ուժեր, իսկ Վաշինգտոնը՝ ոչ։ Հարցի շուրջ  թուրք-ամերիկյան լարվածության նվազում եղավ, երբ կողմերը համաձայնության հասան, որ քրդերը պետք է դուրս գան Մանբիչ քաղաքից։ Ինչպես գրում է աղբյուրը, այս հարցը  համարվելու է ամենակարևորներից մեկը, և այդ առումով նորանշանակ արտգործնախարարը պետք է ամեն ինչ անի, որպեսզի քրդական ուժերը  «մաքրվեն» Սիրիայի հյուսիսային շրջաններից։

2. Հյուսիսային Իրաք

Նշվում է, որ առաջիկայում Թուրքիայի համար առաջնահերթություն պետք է լինի «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) վերահսկողության տակ գտնվող Քանդիլ և Սինջար շրջաններում ռազմական գործողություններ սկսելը։

3. Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններ

Հաշվի առնելով այս հարաբերություններում առկա լարվածությունը և փոխադարձ մեղադրանքները՝ աղբյուրը նշում է, որ նոր արտգործնախարարը կհանդիպի մի շարք դժվարությունների։ Նոր ղեկավարության նպատակն է լինելու որոշ չափով կարգավորել երկկողմ հարաբերությունները։ Այլապես հարցականի տակ կդրվեն կողմերի կնքած պայմանագրերը փախստականների վերաբերյալ:

4. Ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր  և ամերիկյան  F-35 ռազմական ինքնաթիռներ։

Սա նույնպես կարևոր հարց է, որն առանձնակի տեղ է գրավում թուրք-ամերիկյան և ռուս-թուրքական հարաբերություններում։ Նոր նախարարի նպատակն է լինելու անել այնպես, որ Ռուսաստանը Թուրքիային մատակարարի  S-400-ները, իսկ ԱՄՆ-ն ՝ F-35-երը։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է իր ինքնաթիռները մատակարարել Թուրքիային, եթե վերջինս Ռուսաստանից  ձեռք բերի S-400-ները։

5. Կիպրոսի հիմնախնդիր

Այս հարցում ԱԳՆ-ի նորանշանակ ղեկավարի համար շատ մարտահրավերներ կլինեն, քանի որ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության և Կիպրոսի միջև արևելյան միջերկրածովյան գազային հանքավայրերի պաշարներից օգտվելու  վեճեր կան: Աղբյուրը նկատել է տալիս, որ մոտ ապագայում կիպրոսյան հիմնախնդիրը դժվար թե լուծվի, իսկ գազային պաշարների հետ կապված խնդիրները դեռ պիտի կարգավորվեն:

Haberturk

Տեսանյութեր

Լրահոս