«Իրականում Հայաստանի դեմ հարձակումներն ավելի շատ են լինում, քան մենք դրանց մասին լսում ենք». Սամվել Մարտիրոսյան

«Հայաստանի դեմ հաքերային հարձակումներն ավելի շատ են լինում, քան մենք դրանց մասին լսում ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին ադրբեջանական քարոզչական պետական մեքենան գրեթե սառեցված էր, քանի որ, ըստ մեդիափորձագետի, նրանք լավ չէին կողմնորոշվում, թե որ կողմ տանեն քարոզչական թեզերը, քանի որ իրավիճակը Հայաստանում շատ արագ էր փոխվում.

«Մյուս կողմից՝ կար ներքին խնդիր, որովհետև Ադրբեջանում բնակչության ինչ-որ հատված ժողովրդավարություն է ուզում, ու այդ կոնտրաստի վրա բավականին լավ չէր դիտվում, երբ հերթական անգամ Ադրբեջանում ընտրվեց Իլհամ Ալիևը, ու փաստացի Սովետից ի վեր՝ Ալիևների իշխանությունը շարունակվում է, և այստեղ ժողովրդավարական ինչ-որ գործընթացներ էին ընթանում։ Այդ պահին խնդիրն ավելի շատ ներիշխանական էր, քան՝ Հայաստանի դեմ»։

Մեդիափորձագետի կարծիքով՝ հիմա իրավիճակն ուրիշ է, որովհետև կա հանդարտ վիճակ, ու Ադրբեջանը մոտավորապես պատկերացնում է՝ տեղեկատվական դաշտում որ թիրախներին խփի. «Հիմա շատ ակտիվացել է այս ամեն ինչը։ Սահմանագծին մենք ունենք արդեն ադրբեջանական բանակը բացված դիրքում։ Իրականացվում է դրա քարոզչությունը, որն ունի երկու թիրախ՝ ներքին և արտաքին։ Անընդհատ փորձ է արվում ցույց տալ հասարակությանը, որ բանակը պատրաստ է պատերազմի, դրան նաև օժանդակեցին այն տոնակատարությունները, որոնք արվում էին Բաքվում՝ կապված բանակի 100-ամյակի հետ։ Սա արվում է, որ ինչ-որ չափով հոգեբանական ճնշում գործադրեն Հայաստանի վրա»։

Կարդացեք նաև

Ս. Մարտիրոսյանը նաև նկատեց, որ այդ ամենին զուգահեռ՝ եղան նաև նախիջևանյան իրադարձությունները. «Բարդ է ասել, թե ինչ են արել իրական հողի վրա, բայց մամուլով իրենք իրենց հանրությանը ներկայացրեցին, որ մեծ տարածքներ են վերցնել։ Խնդիրն այն է, որ քանի որ սկզբում Հայաստանի կողմից նորմալ տեղեկատվության ապահովում չկար, փաստացի դա կարողացան նաև հայաստանյան հասարակությանը կերակրել ինչ-որ չափով։ Այստեղ երևում է, որ մեր կողմից կա խնդիր ինչ-որ ձևով պետական մակարդակով քարոզչության հակազդեցության, որովհետև Ադրբեջանը հիմա գերակտիվացել է։ Դա կարելի է տեսնել սոցցանցերում։ Թվիթերում ադրբեջանցիները վխտում են, ակնհայտ երևում է, որ հրահանգված, մեծ քանակի ռեալ և ֆեյք «user»-ներով մտել են և փորձում են Հայաստանին վերաբերող հեշթեգերը կորզել»։

Մեդիափորձագետն ընդգծեց, որ մտահոգիչ է այն, որ ադրբեջանցի հաքերները կարողացել են ներթափանցել հայաստանյան պետական համակարգ. «Շատ երկար ժամանակ մենք չէինք լսում, որ ադրբեջանական հաքերները կարողանան պետական համակարգին կպնեն, բայց հունիսի վերջին մենք տեսանք միանգամից երկու հարձակում։ Եթե մեկ օրվա մեջ երկու նման հարձակում է լինում, պետք է առնվազն կասկածել, որ կարող է՝ էլի ինչ-որ բան է եղել։

Կամ մի նյուանս. Ադրբեջանը վերջին մեկ ու կես տարվա մեջ սկսել է ձևավորել պետական հաքերային միավորումներ։ Դրա համար կան շատ բացահայտ ապացույցներ։ Ադրբեջանցի ընդդիմադիրների դեմ մի շարք հարձակումներ են եղել, որոնք ապացուցում են, որ արդեն պետական համակարգ է գործում։ 2012 թվականին, երբ Սաֆարովի հանձնման դեպքը եղավ, ադրբեջանցիները նույնպես շատ ակտիվ հարձակվում էին մեր պետական կայքերի վրա, բայց դա վարձկանների միջոցով էր արվում։

Ընդդիմադիր մամուլի վրա վերջին հարձակումները ցույց են տալիս, որ իրենք ունեն իրենց սեփական գործիքները։ Սա մտահոգիչ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առ այսօր Հայաստանում չկա պետական կիբեռ-անվտանգության համար պատասխանատու մարմին։ Այսինքն՝ մենք ունենք խնդիր շատ ավելի լուրջ և վտանգավոր հարձակումների, որովհետև իրականում Հայաստանի դեմ հարձակումներն ավելի շատ են լինում, քան մենք դրանց մասին լսում ենք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։  

Տեսանյութեր

Լրահոս