«Լավ լուրերն ինչո՞ւ ենք գաղտնի պահում հանրությունից». Նիկոլ Փաշինյան
Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջարկեց վարչական ակտերի համաներման վերաբերյալ ակտի քննարկումը թողնել վերջում և դրան անդրադառնալ փակ քննարկման ժամանակ:
«Առաջարկում եմ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին ՀՀ օրենքի նախագծի մասին» հարցը զեկուցվի փակ»,- ասաց Զեյնալյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ հանրությանը իրազեկելու հետ կապված ի՞նչ խնդիր ունենք. «Այս նախագիծը մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ի իրավախախտումներին է վերաբերում, այս քննարկումն ինչո՞ւ թողնենք հետո: Մեր խնդիրն այն է, որ մարդիկ իմանան, որ կարող են չվճարել, մեր խնդիրն էլ դա է, որ մենք կատարում ենք մեր խոստումները»:
Վարչապետն ասաց, որ եթե նախագիծը հրապարակված է, խնդիր չկա այն քննարկել նիստի ժամանակ. «Լավ լուրերն ինչո՞ւ ենք գաղտնի պահում»:
Զեյնալյանն ասաց, որ առաջարկվում է իրականացնել մի շարք վարչական իրավախախտումների, տուգանքների համաներում:
«Օրենքն ուժի մեջ մտցնել հրապարակման օրվան հաջորդող օրվանից: Զիջվող գումարի չափը 13.3 մլրդ դրամ է կազմում: Սա ոչ բոլոր իրավախախտումներին է վերաբերում»,-ասաց Զեյնալյանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հիմա Ոստիկանությունն Արդարադատության նախարարության հետ համատեղ մշակում է օրենքի նախագիծ՝ Վարչական իրավախախտումների մասին օրենքում որոշ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք էականորեն կբարձրացնեն երթևեկության մասնակիցների կարգապահությունը:
Թե քանի մարդ է ազատվում տուգանքներից և ակտերից, հստակ թիվ չկա: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ խոսքը վերաբերում է խախտումների չափին, և ըստ նրա՝ նույն անձը կարող է մի քանի անգամ խախտում թույլ տված լինել:
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ նոր կառավարության քաղաքականությունն անընդհատ մեկնաբանությունների և տարընթերցումների տեղիք է տալիս. «Մեր քաղաքականությունն այն չէ, որ բոլորն ազատվում են տուգանքներից, և ով ինչ ուզի՝ կարող է անել: Մեր քաղաքականության իմաստը փոխվում է հետևյալ ուղղությամբ՝ մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի բարձրացնենք երթևեկության անվտանգությունը»: