Հայկական պանթեոն
…Երբ ես ինչ-որ քաղաք եմ գնում, ինձ հետաքրքիր է, թե ովքեր են այստեղ նախկինում ապրել, ու ես գնում եմ գերեզմանոց…
Լսված փողոցային խոսակցությունից
Այն սիրված է բոլորիս կողմից՝անկախ այն բանից, թե ով է իշխանության ղեկին։ Այն մեզ երկրի քաղաքացի է դարձնում, ձգում է, ինչպես թունելի ծայրի լույսը, որոշում է տաղանդավոր անձանց ու խորամանկ ապաշնորհների չափերն ու քանակը։ Կարողանում է լռել, և իր հեռուներից նայում է, ինչպես Վիկտոր Համբարձումյանը, Սարյանը. Ինչպես ամպերում թևածող անմարմին Չարենցը…
Է.Գ.-ին հասցեագրված իմ նամակից։ Նրան էլ նվիրում եմ այս էսսեն։
Սա դեռևս Հայկական Պանթեոնի մասին խոսք չէ, այլ Երևանի՝ խիզախ քաղաքի, որն ինչպես՝ արևմուտքից, այնպես էլ՝ արևելքից, սահմանին դեմ առ դեմ կանգնած է թշնամու առջև։
Այդպես էլ սահմանվել է սկզբում Առաջին Հանրապետության կողմից, ապա հաստատվել Երկրորդի կողմից, որ Հայաստանը սկսվում է Արարատից ու Արագածից, ինչպես Վերածննդի երկնային դարպասներ։
Հայաստանի փառապանծ մայրաքաղաքների շարքում թվով տասներկուերորդը և, հուսով եմ, վերջինը Երևանն է։
Հայոց հողը շատ հայ թագավորներ ու իշխանավորներ է ունեցել, շատ խիզախ, ոգով արի, բայց չափազանց միամիտ, ովքեր իրենցից հետո չեն թողել անգամ իրենց շիրիմների մեծությունն ու լռությունը…
Ինչպիսին իշխանավորներն են, այնպիսին էլ մայրաքաղաքն է։ Եվ այդպես մեկը մյուսի հետևից ընկան մայրաքաղաքները՝ մեզ հուշելով, որ ամեն անգամ հայ ժողովրդի հսկայական կամքը ձգտում է հավաքել, երկրում կենտրոնացնել միտքը, բոլոր հոգևոր և ֆիզիկական ուժերը, սակայն այդ միտքը թույլ է լինում։
Եվ տասնմեկ մայրաքաղաքներն ընկան։
Ներկայիս Հայաստանի ուղիղ արևմտյան սահմանների մոտ՝ այժմյան Թուրքիայում է գտնվում Բագրատունյաց Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անին (10-11-րդ դարեր)։ Անիի ո՞ր պատմական փորձը կարող է օգնել այսօրվա Երևանին. թերևս այն, որ չի կարելի դիմանալ հիմար իշխանավորներին, չի կարելի միջպետական հարաբերություններում միամիտ լինել…
Չի կարելի կորցնել ժամանակի թելը և դրանով իսկ բարդացնել, մեծացնել առանց այդ էլ՝ սեփական խնդիրների կամ պարտությունների խճճված կծիկը, քանի որ օգնության շտապող նոր ուժերը կարող են կամ կարճաժամկետ դուրս գալ, կամ կեղծ։ Անին հուշում է, որ կան հայկական իշխանությանը բնորոշ սխալներ՝ չվստահել ճիշտ որոշումներին, որոնք, որպես կանոն, եղել են ժողովրդի մեջ։
Թուրքական հնագիտությունը պեղում է մեր պատմությունը, ուր ննջում են մեր բոլոր իշխանները, ազնվականներն ու հասարակ հայ ժողովուրդը… Որտե՞ղ են Անի մայրաքաղաքի փառապանծ բնակիչները, և որտե՞ղ են նրանք իրենց վերջին հանգիստը գտել։
Եվ հիշատակված Մարտիրոս Սարյանը, ինչպես և Եղիշե Չարենցն այդ վայրերից են, միայն թե առաջինն անցել է օտար ափերում, իսկ երկրորդը՝ սեփական երկրում գոյատևելու բարդագույն և բազմադարյան ճանապարհը։
Այժմ նրանք կողք կողքի են՝ Կոմիտասը, Ալեքսանդր Թամանյանը, Վահան Տերյանը, Օրբելի եղբայրները, Ալեքսանդր Մյասնիկյանը, Սերգեյ Մերգելյանը, Գոհար Գասպարյանը, Արամ Մանուկյանը, Պողոս-Նուբար Փաշան, Նժդեհը, Քեռին, Արամ Խաչատրյանը, Զարուհի Դոլուխանյանը, Հովհաննես Թումանյանը, Առնո Բաբաջանյանը, Վահրամ Փափազյանը, Արշիլ Գորկին, Սերգեյ Փարաջանովը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ինտրան, Մոնթե Մելքոնյանը, Լուսինե Զաքարյանը, Ռուբեն Մամուլյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Քըրք Քըրքորյանը, Գալուստ Գյուլպենկյանը, Միքայել Թարիվերդիևը, Լեոնիդ Ենգիբարովը, Վիլյամ Սարոյանը, Երվանդ Քոչարը, Էդուարդ Քեոնջյանը, Գեորգի Յակուլովը։
Այս և շատ այլ արժանավոր անուններ ներկայացնում են հայի տեսակը… Մայրաքաղաք Երևանը մտովի հավաքում է բոլորին, միացնում իրար։ Նրանք ստանում են այդ զարմանալի շենքի աղյուսները դնելու իրավունքը, որ ժողովուրդն է կառուցում՝ մանրակրկտորեն գնահատելով յուրաքանչյուր անձնավորության։
Այդ շենքն իր կենսական ճանապարհին ժողովրդի ստեղծած համակարգերից բարձրագույնն է։ Մենք տեսնում ենք, որ ոչ բոլորն են ապրել ու ստեղծագործել Երևանում, ոչ բոլորն են ցանկացել թաղված լինել ԵրևանիՊանթեոնում, ոչ բոլորն են ըստ արժանվույն գնահատված եղել Երևանի կողմից, կան նաև այնպիսիները, ովքեր գերեզման չունեն… Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր ընդամենը մի քանի տարի չապրեցին մինչ այդ իրադարձությունը՝ հայոց մայրաքաղաքը տեսնելը, որի մասին այնքան երազում էին։
Ինչ մեղքս թաքցնեմ, երևանյան Պանթեոնում կան նաև գերագնահատված անձնավորություններ։ Այդպես եղել է և խորհրդային ժամանակներում, և հիմա, երբ անկախ Հայաստանի մայրաքաղաք Երևանը կորցրել է ընդհանրացման ուժը, ինչը նրան պատիվ չի բերում։ Ի դեպ, Երևանը կորցրել է ազգային մշակույթի մայրաքաղաքը լինելու բարձր հեղինակությունը։
Եվ այնուամենայնիվ, Երևանը հիշում է բոլոր արժանավորներին և մտովի նրանց համար տեղ կառանձնացնի Հայկական Պանթեոնում։ Կարևոր է հիշել, որ մի մասին Երևանն ընդունում է միանգամից ու անվերապահորեն, բայց կան նաև այնպիսիները, որոնց ներդրումն ու կերպարը դժվար են ձևավորվում, ժամանակի հետ՝ դառնալով Պանթեոնի սիրելի ու կարևոր մասը։
Պանթեոնն ազգային տեսակի ընտրության ժամանակ արդարության բարձրագույն դրսևորումն է։ Ազգային կյանքում ամեն ինչ չափվում է տեսակի ներկայացուցչով, քանզի այն ազգային ինքնագիտակցության բարձրագույն սինթեզն է։ Տեսակի ներկայացուցիչը գագաթ է, որ մեզ տալիս է այս աշխարհում նոր նվաճումների համար ուժեր։ Հենց այդ տեսակի սուբյեկտն է արարում կյանքի բոլոր ոլորտներում։
Եվ վերջինը…
Միայն ազգի ներսում եղած արդարությունն է վստահություն տալիս, որ այն բոլոր մնացած ուժերի հիմքն է, նրա հետ կարելի է պարտություններ կրել ինչպես՝ ռազմի դաշտում, այնպես էլ՝ ցանկացած կենսագործունեության մեջ։
ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆ
Հունիսի 8, 2018 թիվ, Լոս Անջելես