Բաժիններ՝

«Թուրքիան ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով չի դադարեցնի առևտուրն Իրանի հետ». Չավուշօղլու

Թուրքիան մտադիր չէ Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի միակողմանի որոշման պատճառով խզել առեւտրական հարաբերությունները Թեհրանի հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում:

Նա նշել է, որ «եթե մի կողմը ոչ ճիշտ միակողմանի որոշումներ է ընդունում, Թուրքիան պարտավոր չէ դրանց միանալ»:

«Ուրիշ երկրներ կարող են ասել, որ դադարեցնում են առեւտուրն Իրանի հետ, բայց Թուրքիան չի խզի առեւտրական համագործակցությունն այդ պետության հետ: Իրանի վրա պատժամիջոցներ դրած երկիրը չի կարողանա պատժել մյուս այն պետություններին, որոնք չեն միացել իրեն: Աշխարհն այլեւս այդպիսին չէ ու այդպիսին չի լինի»,-ասել է նախարարը:

Չավուշօղլուն նաեւ նախազգուշացրել է Իրանի նկատմամբ չմտածված քայլերի մասին: «Ցանկացած բացասական գործընթաց Իրանում կազդի ամբողջ տարածաշրջանի, Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի վրա: Ապակայունացումն ու քաոսը Իրանում օգուտ չի բերի ոչ մեկի՝ ո՛չ ԵՄ-ին, ո՛չ էլ այլ երկրների: Իրանը մեր կարեւոր գործընկերն է, եւ մենք կշարունակենք նրա հետ համագործակցել, թեպետեւ մենք որոշ տարաձայնություններ ունենք»,-ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էԳործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել է 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն:

Թրամփը խոստացել է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ: Իր հերթին իրանական կողմը հայտարարել է, որ համաձայն է ԳՀՀԾ-ում մնալ միայն այդ դեպքում, եթե մնացած գործընկերները, առանց ԱՄՆ-ի, կարողանան ապահովել համաձայնագրի բոլոր պարտավորությունների կատարումը, մասնավորապես, տնտեսության ոլորտում: Իրանի ղեկավարությունը նախազգուշացրել է, որ եթե ԳՀՀԾ-ի պարամետրերի կատարումը անշահավետ դառնա, Թեհրանը դուրս կգա համաձայնագրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս