«Սևանա լճի հանրային լողափերի բացումը տեղի կունենա հուլիսի 1-ին. բոլոր ծառայություններն անվճար են». Աշոտ Ավալյան
Այս տարի ևս Սևանա լճի հանրային լողափերի բացումը տեղի կունենա հուլիսի 1-ին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը:
«Ունենք կառավարության որոշմամբ հաստատված 8 հանրային լողափ, ևս 3-ն առանձնացրել է Սևան ազգային պարկը։ 11 հանրային լողափից 3-ը կահավորված հանրային լողափեր են, մատուցում են ծառայություններ, այդ բոլոր ծառայությունները, որոնք այնտեղ կմատուցվեն, անվճար են, բացառությամբ՝ սննդի հետ կապված ծառայությունների։ Այս տարի ևս անվճար ծառայությունների շարքում են ավտոկայանատեղին, բուժսպասարկումը, փրկարար ծառայությունը, սպորտային և մանկական խաղահրապարակները, հանդերձարանները, լողաթախտերը»,- պարզաբանեց նա։
Աշոտ Ավալյանն ընդգծեց, որ նախորդ տարի հանրային լողափերի համար բացառիկ շրջան է եղել՝ կապված տևական բարձր ջերմային ֆոնի հետ. «Ոչ միայն հանրային լողափերը, այլ ընդհանրապես Սևանա լիճը շատ ծանրաբեռնված է եղել։ Բոլոր հանրային լողափերը միասին ամբողջ լողաշրջանի ընթացքում մոտ 200 հազար հանգստացող են ունեցել»։
Հանրային լողափերը, ըստ պատասխանատուի՝ գտնվում են մաքուր վիճակում, իսկ ճանապարհի եզրերին ցուցանակներ են փակցված, որոնցով կարելի է գտնել լողափերը. «Դրանք կարճատև հանգստի համար նախատեսված լողափեր են, մարդիկ կան, որոնք միայն լողալու խնդիր ունեն, անարգել կարող են մոտենալ լողափին, հանգստանալ, շարունակել ճանապարհը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում