Էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է բոլորն իմանան
Ինչո՞վ է դաստիարակված մարդը տարբերվում լավ դաստիարակվածից: Օրինակ, կինոյի լեգենդ և լեդիի կատարյալ կերպար Օդրի Հեփբերնը պնդում էր, որ դաստիարակված մարդը երբեք անհարմարություններ չի պատճառի շրջապատողներին: Ինքդ քեզ զսպելու ու քո ցանկություններին ու բնազդներին չտրվելու կարողությունն էլ հենց, ըստ դերասանուհու, դաստիարակված մարդուն տարբերում են մնացածից:
Արիստոկրատ շրջանակներում էթիկետի կանոնները մանկությունից էին սովորեցնում, սակայն շուկայի զարգացումը էլիտա կոչվածը բազմաշերտ դարձրեց, քան դարեր առաջ էր, դե, իսկ էթիկետի կանոններն էլ դադարեցին դառնալ ընտրյալների բացառիկ շնորհը: Այս հին կանոններից շատերը պարզեցված են, և նրանց տեղն ուրիշներն են գրավել, որոնք ավելի շատ կապ ունեն մեր իրականության հետ:
Օրինակ, գիտե՞ք արդյոք, որ ռեստորանում բջջային հեռախոսը սեղանի վրա դնելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Այժմ տեսնենք, թե ինչ կանոնների պետք է հետևել հասարակության մեջ:
1. Երբեք մի սկսեք ուտել, քանի դեռ սեղանի շուրջ բոլորին չեն մատուցել:
Կամ էլ, քանի դեռ տանտիրուհին վերջին չափաբաժինը չի դրել ու չի նստել սեղանի շուրջ: Միանգամից ուտել սկսելը վատ դաստիարակության նշան է: Բացառիկ դեպքերում կարելի է սկսել, եթե տանտիրուհին կամ այն մարդը, ով սպասում է իր չափաբաժնին, ձեզ խնդրի դա անել, քանի որ երբեմն տարբեր ճաշատեսակներ պատրաստման տարբեր ժամանակահատվածներ ունեն, ու քանի դեռ ձեր հարևանը սպասում է իր ճաշատեսակին, ձերը կարող է սառչել:
2. Սեղանի վրա չպիտի լինի ոչինչ, ինչը կերակուրի հետ կապ չունի:
Արևային ակնոցներ, հեռախոս, բանալիներ, պայուսակներ ու այլ բաներ պետք է սեղանից հեռացնել նույն պահին, երբ ձեր առջև դնում են կերակուրով լի ափսեն:
3. Սեղանի շուրջ նստած` հաղորդագրություններ ուղարկել կամ հեռախոսը ստուգելն ընդունված չէ:
Եթե դուք կարևոր զանգ եք սպասում կամ պետք է հաղորդագրություն ուղարկեք, ապա ներողություն խնդրեք, ուրիշ սենյակ գնացեք, զուգարան կամ միջանցք, և միայն այնտեղ ձեր հեռախոսը հանեք պայուսակից կամ գրպանից:
4. «Ես չեմ խմում» ասելու փոխարեն՝ ասեք «Շնորհակալություն, ոչ այսօր»:
Առաջին արտահայտությունն անելով` դուք կարող եք վիրավորել սեղանի շուրջ նստած այն մարդկանց, ովքեր բոլորովին էլ դեմ չեն խմել, սակայն, եթե դուք ընտրեք երկրորդ տարբերակը, որևէ մեկի պետքն էլ չի լինի թե այսօր ինչ պատճառով եք հրաժարվում խմելուց, ու ձեր հրաժարվելը նրանք շատ հանգիստ կընդունեն: Նորմալ հասարակության մեջ ոչ ոք չի ակցենտավորի տվյալ պահին ձեր հրաժարվելը:
5. Միշտ ձեր զրուցակցին զգուշացրեք, եթե միացնում եք բարձրաձայն հեռախոսակապը:
Եթե դուք ինչ-որ զանգ եք կատարում ու ուզում եք միացնել բարձրաձայն հեռախոսակապը, անպայման այդ մասին զգուշացրեք ձեր զրուցակցին, որպեսզի նա հիմար վիճակում չհայտնվի` պատահաբար ասելով մի բան, որ միայն ձեր ականջների համար էր նախատեսված:
6. Դուռը բացում է նա, ով դրան ավելի մոտ է գտնվում:
Այո, պարտադիր չէ, որ անպայման տղամարդը դուռը բացի: Եթե զույգը դռանն է հասնում միասին, ապա սպասել, որ դուռը բացի ու այն պահի տղամարդը, արդեն պարտադիր չէ: Էթիկետի այս կանոնը հեռացավ՝ խստաբարո ջենթլմենների ու կորսետներով սեղմված անօգնական տիկնանց դարաշրջանի հետ միասին:
7. Գրասենյակում ճիշտ չէ տաքացնել կամ ուտել սուր հոտով կերակուր:
Հատկապես, եթե դուք ուտում եք աշխատասեղանի մոտ: Հանրային օգտագործման տարածքներում էթիկետն արգելում է օգտագործել ուժեղ բույրեր կամ ուտել մի բան, ինչի հոտը կարող է խանգարել ուրիշներին: Եթե դուք երբևէ նստել եք ձեր աշխատասեղանի շուրջ ու փորձել եք հասկանալ, թե ձեզ համար անդուր ձկան հոտը որտեղից է գալիս, ուրեմն արդեն հասկացած կլինեք` խոսքն ինչի մասին է:
8. Վերելակից ու շենքից կամ սենյակից միշտ առաջինը դուրս են գալիս, հետո միայն մտնում են:
Այլ կերպ ասած` պետք չէ նետվել խանութ, վերելակ, մետրոյի վագոն կամ այլ տարածք, քանի դեռ այնտեղից դուրս չեն եկել նրանք, ովքեր ուզում են դուրս գալ:
9. Աշխատանքային հաղորդագրություններն ու նամակները ոչ աշխատանքային ժամերի մի ուղարկեք:
100-ից 99 դեպքերում գործը կարող է սպասել մինչև առավոտ, ու գործընկերոջը, աշխատակցին իր անձնական գործերից կամ ընտանիքից կտրելը վատ դաստիարակության նշան է:
10. Շրթներկը, խմելուց առաջ, խոնավեցրեք:
Բաժակի կամ գինով լի գավաթի վրա շրթներկի հետքը Օդրի Հեփբերնի ժամանակներում անդաստիարակության նշան էր համարվում, և այդպիսին է շարունակում համարվել նաև այժմ: Եթե ձեր շուրթերը ներկած են, ապա խմելուց առաջ անձեռոցիկով խոնավեցրեք դրանք, ապա նոր խմեք, իսկ ընթրիքից հետո կարող եք թարմացնել շրթներկը:
11. Մի ձգվեք սեղանի ողջ երկայնքով:
Եթե հացամանը կամ աղցանով լի ափսեն հեռու են դրված, ապա ավելի մոտ գտնվողին խնդրեք դրանք ձեզ փոխանցել: Մինչև ձեր ափսեի մեջ դնելը ձեզնից աջ կամ ձախ նստածներին հարցրեք, թե չե՞ն ուզում նրանք արդյոք նույնպես: Եվ եթե՝ այո, ուրեմն նախ՝ նրանց մատուցեք, ապա՝ դրեք ձեր ափսեի մեջ:
12. Ընդհանուր կերակրատեսակները միշտ փոխանցվում են ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ:
Եթե խավարտը կամ աղցանը լցված է ընդհանուր ափսեի մեջ, և բոլորն ինքնուրույն են այն դնում իրենց ափսեների մեջ, ապա դուք ափսեն պետք է վերցնեք ձեր ձախ կողմում նստած հարևանից ու փոխանցեք աջ կողմում նստածին:
13. Երբ դուք ինչ-որ մեկին ծանոթացնում եք, առաջինը պետք է ներկայանա տարիքով ավագը:
Բիզնես ծանոթությունների դեպքում նախ ներկայանում է ավելի բարձր դիրք ունեցողը:
14. Գրասենյակում, հիվանդանոցում կամ այլ հաստատություններում միշտ հեռախոսը դրեք անձայն ռեժիմի վրա:
Եվ եթե դուք պետք է խոսեք հեռախոսով, ընդհանուր սենյակի սահմաններից դուրս եկեք, որպեսզի չխանգարեք մյուսներին: Թատրոնում կամ կինոդահլիճում հեռախոսը պետք է դնել ավիա-ռեժիմի վրա, որպեսզի ոչ միայն զանգերով կամ «դռռոցով» չանհանգստացնեք ձեր հարևան աթոռներին նստածներին, այլև դերասաններին ձեր հեռախոսի ակտիվ էկրանի լույսով չշեղեք:
15. Եթե հիվանդ եք, մնացեք տանը:
Ակտիվ մրսածության շրջանում աշխատանքի գալն ու գործընկերներին վարակելը շատ վատ վարքագիծ է:
16. Ձեր հյուրերին թույլ մի տվեք անսթափ վիճակում նստել մեքենայի ղեկին:
Ըստ էության, դուք` որպես տանտեր, պատասխանատու եք այն բանի համար, թե ինչ վիճակում են ձեր հյուրերը լքում ձեր տունը: Եթե տեսնում եք, որ նրանցից որևէ մեկն այնքան էլ ադեկվատ չէ, տաքսի կանչեք ու հետևեք, որ նա ղեկին չնստի:
17. Երբ ինչ-որ մեկի հետ խոսում եք, հանեք արևային ակնոցն ու ականջակալները:
Արևային ակնոցով կարող եք մնալ, եթե ձեր զրուցակիցն այն չի հանում, թեպետ դա այնքան էլ գեղեցիկ չէ, սակայն որոշակի իրավիճակներում թույլատրելի է: Ճիշտ է, իհարկե, խոսելիս միմյանց աչքերի մեջ նայելը:
18. Երեկույթի հաջորդ օրը մի մոռացեք տանտերերին շնորհակալություն հայտնել:
Անպայման հաղորդագրություն կամ շնորհակալական նամակ գրեք երեկոյի համար, որն անցկացրել եք ընկերների կամ ծանոթների մոտ: Բացառիկ դեպքերում կարելի է նաև ծաղիկներ կամ շոկոլադ ուղարկել:
19. Երբեք դատարկ ձեռքով հյուր մի գնացեք:
Անգամ, եթե «ի՞նչ բերեմ» հարցին տանտերը պատասխանում է` ոչինչ, ծաղիկներ վերցրեք ձեզ հետ կամ մեկ շիշ գինի: Եթե տանտերերը երեխաներ ունեն, ապա նրանց համար ինչ-որ բան տարեք` նախապես ծնողներից ճշտելով` քաղցրավենի՞ք, թե՞ ինչ-որ խաղալիք:
20. Միշտ ճշտեք՝ կարո՞ղ է արդյոք տվյալ պահին ձեր զրուցակիցը խոսել ձեզ հետ:
Կարևոր չէ, թե դուք աշխատանքի բերումով թե անձնական հարցով եք զանգել, նախքան խոսակցությունը սկսելն անպայման հետաքրքրվեք` ունի՞ նա արդյոք ժամանակ ձեզ համար:
21. Հետևեք դրես-կոդին:
Տարբերություն դրեք այն բանի միջև, թե ինչ եք հագնում ընկերների հետ երեկույթի գնալիս, ու աշխատանքային հագուստի միջև: Անգամ, եթե դուք աշխատում եք կրեատիվ արդյունաբերության ոլորտում, ու խիստ դրես-կոդ ձեզ մոտ ընդունված չէ, չափազանց անկեղծ դեկոլտեն կամ կիսաթափանցիկ կտորներն աշխատանքային տարածքում անտեղի են:
22. Ձեր արտաքին տեսքի նկատմամբ ուշադրությունն ու ձեր կոկիկ տեսքը լավ դաստիարակության նշան են:
Պարտադիր չէ հսկայական գումարներ ծախսել հագուստի վրա, սակայն ձեր արտաքին տեսքի նկատմամբ ուշադրությունը շրջապատի նկատմամբ հարգանքի դրսևորումներից մեկն է:
23. Կրծքով կերակրելն ու տակդիրներ փոխելն ինտիմ պրոցեդուրաներ են:
Որքան էլ որ բնական թվա, այնուամենայնիվ, հասարակական վայրում երեխային կրծքով կերակրել հնարավոր է, եթե մայրը երեխային ծածկում է ու չի մերկացնում իր կուրծքը: Չի կարելի մարդկանց վատ վիճակի մեջ դնել պրոցեսի ֆիզիոլոգիականությամբ: Շատերը դրան պատրաստ չեն:
Էթիկետի կանոնները պահանջում են տակդիրները փոխել հանգստի սենյակներում, այլ ոչ թե՝ ռեստորանի հենց կենտրոնում ու բոլորի աչքի առջև:
24. Կրկին զանգում է նա, ով նախաձեռնել է հեռախոսազրույցը:
Եթե խոսակցության ժամանակ կապն ընդհատվել է, ապա կրկին պետք է զանգի նա, ով սկզբում զանգել է, այլ ոչ թե՝ դուք: Ձեր խնդիրը սպասելն ու գիծը չզբաղեցնել փորձելն է:
25. Եթե դուք ձեր զրուցակցի խոսքում բարբառային երանգներ եք նկատում, ապա մի հարցրեք` իսկ դուք որտեղի՞ց եք:
Միգուցե մարդը նեղվի դրանից. Այնպես որ, անտեսեք բարբառախոս լինելու հանգամանքը:
26. Ձեր ընկերների լրահոսը մի խցանեք անիմաստ գրառումներով ու հաղորդագրություններով:
27. Թույլատրելիից շատ մի ուշացեք:
Ժամադրություններին, գործնական հանդիպումներին կամ ռեստորանում հանդիպումներին ուշանալը ձեր մասին լավը չի ասում: Իսկ այ, եթե դուք ինչ-որ մեկին հյուր եք գնում, արժե ուշանալ 15 րոպե` այդպիսով թույլ տալով, որ տանտերերը հյուր ընդունելու նախապատրաստական աշխատանքներն ավարտին հասցնեն: Եթե դուք գործնական հանդիպման գնալիս ուշանում եք 15 րոպե ու ոչ ավելի, անպայման նախազգուշացրեք: Եթե հյուր գնալիս 15 րոպեից ավելի եք ուշանալու, պարտադիր տանտերերին տեղեկացրեք ձեր ժամանման ստույգ ժամի մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը