
Անընդունելի են ՍԾՏՀ գործունեությունը քաղաքականացնելու փորձերը. ԱԳ փոխնախարար

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հայտարարեց՝ անընդունելի են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու որոշ փորձերը: Այս մասին նա հայտարարեց Երևանում կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի ավարտից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ:
«Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության կառույց է, այդ իսկ պատճառով գտնում ենք, որ անթույլատրելի են որոշ փորձերը քաղաքականացնելու կազմակերպության գործունեությունը՝ իր լիազորությունների շրջանակը գերազանցող և կանոնադրությանը հակասող քաղաքական բնույթի փաստաթղթեր ընդունելու եղանակով»,- ասաց նա:
Նախարարի տեղակալը նկատեց, որ հատկապես վերջին տարիներին այդ առումով աչքի է ընկնում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը, որի շրջանակներում ընդունվում են քաղաքականացված հայտարարություններ ու հռչակագրեր: «Այս մասին այսօր առիթ ունեցանք խոսելու անդամ երկրների ներկայացուցիչների հետ»,-տեղեկացրեց Կարեն Նազարյանը:
Երևանում հունիսի 27-ին մեկնարկել էր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը: Հանդիպմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները, այդ թվում՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը, Թուրքիայի ԱԳՆ բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Օմեր Գյուջուքը: Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել նախագահությունը ՍԾՏՀԿ-ում:
Կազմակերպության անդամ են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան: