«Ադրբեջանի ռազմական բյուջեն նվազել է 3 անգամ. մեծ պատերազմի վտանգ այս պահին չեմ տեսնում». Ալեքսանդր Իսկանդարյան
«Ադրբեջանի որդեգրած ռազմավարությունն է՝ կրակոցներ սահմանին, ժամանակ առ ժամանակ՝ սրացումներ, դիվերսիոն գործողություններ, ճնշումներ գործադրելու փորձեր՝ բանակցային գործընթացում, և այլն։ Սա ռազմավարություն է և շարունակվելու է»,- այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ ինչ-որ հանդիպում անպայման կլինի Ալիևի և Փաշինյանի միջև. «Ես չգիտեմ՝ երբ, ինչպես, բայց նման հանդիպում կլինի։ Մեծ պատերազմի վտանգ այս պահին չեմ տեսնում, որովհետև այդ պատերազմում քաղաքական կամ ռազմական նպատակների հասնելու հնարավորություն Ադրբեջանը պարզապես չունի։ Ռիսկերը հսկայական են, իսկ օգուտները չնչին կլինեն։ Բայց չեմ բացառում, որ սահմանում տարբեր պատահարներ կլինեն։ Ակնհայտորեն տեղի է ունենում զորքերի, տեխնիկայի կուտակում»։
Քաղաքագետն անդրադարձավ նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, որ հունիսի 26-ի ռազմական շքերթի ժամանակ կցուցադրեն նաև ամերիկյան Bell 412, MI-24 ուղղաթիռներ, MI35, KA-27 հարվածային համակարգեր, և ընդգծեց՝ փաստն այն է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն նվազել է 3 անգամ.
«Մինչև 2016թ. 4 տարում Ադրբեջանը ծախսել է 20-30 մլրդ դոլար՝ զինվելու համար, իսկ հիմա ոչ մի նմանատիպ բան տեղի չի ունենում։ Իրավիճակն Ադրբեջանում ամբողջովին այլ է։ Բայց որպեսզի խոսակցություններ լինեն, նրանք գնում են մի քանի համեղ պատառներ։ Դա հիմնական մասն է այն ռազմավարության, որն ունի Ադրբեջանը. այսինքն՝ դուրս չգալ բանակցային գործընթացից և ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա՝ սահմանային միջադեպերով։ Ես չեմ ասում, որ Ադրբեջանը չի զինվում, որ պատահարներ չեն լինի, բայց այդ ուղղաթիռները, օրինակ՝ մեդիափուչիկ են»։