«Այն, ինչ հիմա Հայաստանում է կատարվում, շատ նման է 2003թ. Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին». Ալեքսանդր Իսկանդարյան
«Տարօրինակ կլիներ, եթե Հայաստանում տեղի չունենային ձերբակալություններ, աղմկահարույց դեպքեր։ Այդպիսի բաներ տեղի են ունենում բոլոր նմանատիպ իշխանափոխություններից հետո, որոնք ընդունված են անվանել թավշյա, վարդերի կամ այլ հեղափոխություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա է կատարվում Հայաստանում, շատ նման է 2003թ. Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին. «Մենք հիշում ենք Սահակաշվիլիի փեսայի ձերբակալությունը, աղմկահարույց գործերը, և այլն։ Դա շատ բնական է նմանատիպ իրադարձություններում, որովհետև նմանատիպ հեղափոխությունները մեծ սպասումների վրա են արվում։ Նմանատիպ հեղափոխությունները կառուցվում են նեգատիվ թեզերի վրա, այսինքն՝ ոչ թե վատ, այլ դեմ, ոչ թե կողմ. մենք վրեժ ենք լուծում էլիտայից, մենք փոխում ենք մարդկանց, մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, և այլն։ Այսինքն՝ երիտասարդ դեմոկրատների հիվանդությունը նման պրոցեսներում արտահայտվում է. մարդիկ մտածում են, որ խնդիրը մարդկանց մեջ է, որ մարդկանց փոխելով՝ խնդիրները, արատավոր երևույթները կվերանան»։
Եվ բոլոր այն խոսակցությունները, որ Հայաստանում հիմա կոռուպցիան զրոյական մակարդակի վրա է, ըստ Իսկանդարյանի՝ հաշվարկված են հենց նրա վրա, որ մարդկանց գլխում այդ պատկերը կա՝ կոռուպցիա կա նրա համար, որ մարդիկ վատն են, վատ մարդկանց հանեք, լավերին դնեք, խնդիրները կվերանան. «Իսկ եթե նման սպասումներ կան, ապա դրանց պետք է նպաստել։ Հեղափոխությունից անմիջապես հետո այդ սպասելիքները չեն կարող արդարանալ, դրա համար այդ խոստումներին համապատասխան ռեակցիա պետք է տալ, որն էլ տրվում է»։
Քաղաքագետի կարծիքով՝ սա ոչ միայն կոռուպցիայի և արատավոր երևույթների դեմ պայքար է, այլև պայքար է ՀՀԿ-ի դեմ. «Իմ կարծիքով՝ Մանվել Գրիգորյանի դեպքից հետո ՀՀԿ-ն ոչ այնքան լավ վիճակում է, նա ասոցիացվում է այդ մարդու հետ։ Հասարակությունը հեղափոխությունից կտրուկ փոփոխություններ է սպասում, և քանի որ իրական փոփոխությունների հասնելը երկարատև և լուրջ աշխատանք է պահանջում, ապա պետք է վառ մեթոդներ ցուցադրել՝ նեգատիվ երևույթների դեմ պայքարում, ինչն էլ արվում է։ Բացի այդ, լինելու են ընտրություններ, և դրանցից առաջ պետք է իրագործել որոշակի ակցիաներ, որպեսզի պահպանվի հոգեբանական լեգիտիմության բարձր աստիճանը»։