«Անձնական կապերն օգտագործելով՝ կրթության բյուջեից այդ գումարները տարվել են». Սերոբ Խաչատրյան

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը վերջին տասը տարիներին որոշակի պասիվություն է նկատում է կրթական քաղաքականության մեջ։

«Այսինքն՝ ԿԳՆ-ն մի տեսակ վերածվել էր անգլիական թագուհու, որին տարբեր հաստատություններ մոտենում էին իրենց ծրագրերով և սկսում էին կրթության բյուջեից տարբեր գումարներ տանել։ Ընդ որում՝ այդ ամենը տեղի էր ունենում առանց մրցույթների, առանց թափանցիկ պրոցեսների, այդ նույն համատեքստում դիտում եմ «Պատանի երկրապահ» կրթական ծրագիրը։ Հայաստանում կարող էին լինել նաև այլ տարբերակներ։

Ես կարծում եմ՝ այս տեսակի ծրագրեր երբ ընտրվել են, որևէ չափանիշ չի նայվել, օրինակ՝ ԵԿՄ-ն ունի՞ արդյոք կրթական ներուժ՝ այդ ծրագիրն իրականացնելու համար, ինչո՞ւ մրցույթ չի անցկացվել, որին այլ կազմակերպություններ կարող էին դիմել։ Արդեն հասկանալի է, որ անձնական կապերն օգտագործելով՝ կրթության բյուջեից այդ գումարները տարվել են, և իրականացվում է մի ծրագիր, որի որակի մասին լուրջ հետազոտություններ չկան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց փորձագետը։

Նրա խոսքով՝ մի բան հստակ է՝ Հայաստանի նման երկրին պետք է ռազմական կրթության բարձր որակ.

«Այդ որակը պետք է լինի ինչպես՝ դպրոցում, այնպես էլ՝ միջին մասնագիտական և բարձրագույն կրթական մակարդակներում։ Ես դեմ եմ ռազմահայրենասիրությանը և մանավանդ այն մոտեցմանը, որ ներկայացվել էր մի քանի ամիս առաջ, որովհետև դա ժամանակակից մոտեցում չէ, դա հիմնվում է ինչ-որ քարոզներ անելու վրա, դրա մեջ կան ծուղակներ, որ ա՜յ, դուք՝ աղքատ խավի ներկայացուցիչներդ, դարձեք զինվորական, որ կամ մեռնեք, կամ ապրելու շանս ստանաք։ Այս մոտեցումը 21-րդ դարում չի աշխատի, դրա համար այդ քարոզչական մոտեցումները, որ նաև «Պատանի երկրապահ» ծրագրում կա, անընդունելի են»։

Խաչատրյանի խոսքով՝ պետք է նոր տեսակի ռազմագիտություն, որը կլինի գործնական, օրինակների վրա հիմնվող. «Ուսուցիչների որակը պետք է բարձր լինի։ Մենք չպետք է դիտարկենք, որ, եթե ռազմագիտություն է, ու դու եթե լեյտենանտ կամ մայոր ես, ուրեմն՝ հանգիստ կարող ես դասավանդել։ Երեխաների հետ աշխատանքը պետք է շատ զգույշ տարվի, և կարծում եմ, որ այս իմաստով մենք թերացել ենք, չկա որևէ բան, որ ԿԳՆ-ն՝ որպես այդ ծրագրի պատվիրատու և ֆինանսավորող, կարողանար այդ ծրագրի որակը մոնիտորինգի ենթարկել։ Հասկանալի է, որ նախորդ իշխանության ժամանակ անհնար էր պատկերացնել, որ ինչ-որ մի կառույց կարող էր գնալ՝ գեներալ Մանվելի ծրագիրը մոնիտորինգ անել»։

Փորձագետն ընդգծեց՝ շատ կարևոր է, որ կրթությունն ու ռազմական ոլորտը Հայաստանում շատ էֆեկտիվ համագործակցեն.

«Շատ կարևոր է, որ տղաները բանակից վերադառնան ավելի բարձր կրթական մակարդակով։ Եթե կողմերից մեկը ստացավ դոմինանտություն, որը, ցավոք, չի լինում կրթության ոլորտը, դա արդեն խախտում է»։

Տեսանյութեր

Լրահոս