«Լրտեսներն այստեղ վխտում են, իսկ մեր ԱԱԾ-ն զբաղված է լակոտ-լուկուտներին ձերբակալելով». Վովա Վարդանով

«Մոտ տասը տարի առաջ ունքը հանելով՝ աչք ենք հանել ու չենք նկատել. նախորդ նախագահներից մեկի անվտանգության պետի տեղակալն ԱԱԾ-ում մի վարչության պետ նշանակվեց, որը ԿԳԲ-ի, այսպես ասած՝ «կարմիր գլխարկների» վարչությունն էր, որում ես պատիվ եմ ունեցել ծառայել 1995-97թթ.։ Այդ վարչությունը Սերժ Սարգսյանի օրոք ցրվեց, որպեսզի Միշան՝ Քոչարյանի անվտանգության պետի տեղակալը, չլինի այդ վարչության պետը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը։

«Մանվել Գրիգորյանը ոչ հաճելի կերպար է, դա միշտ եմ ասել, բայց իրեն չեզոքացնելու համար՝ այնպես չստացվի, որ երկրի համար անհրաժեշտ կառույց, որը հիվանդ է, չար սխեմա է ղեկավարում, կազմալուծվի։ Եթե կառույցը հիվանդ է, դա չի նշանակում, որ այն բուժելով՝ հնարավոր չէ ծառայեցնել մեր երկրին»,- ասաց հետախույզը՝ ընդգծելով, որ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) մնալն անհրաժեշտություն է։

«Եթե ես բիզնեսով զբաղվեի, ու ԵԿՄ-ն բիզնես լիներ, իրենք կլինեին իմ մրցակիցները, ես ղեկավարում եմ «Ողջ մնալու արվեստ» կազմակերպությունը, և մենք մշտական ռազմական և ուսումնամարզական հավաքներ ենք անցկացնում հիմնականում Քարվաճառում և Տավուշում։ Բայց քանի որ մենք զբաղված ենք ընդհանուր գործով, ես միշտ քննադատել եմ ԵԿՄ-ին ու իր ղեկավարությանը, որ իրենք ճիշտ չեն աշխատում, ոչ թե չպետք է լինեն, որ գործերն ավելի լավ լինի։ Էդմոն Մարուքյանը ՈՄԱ-ի անուն տվեց, ասաց՝ գնացեք՝ ՈՄԱ-ում պարապեք, պարտադիր չի ԵԿՄ-ն լինի, որ ռազմական գիտելիք ձեռք բերեք, բայց դա սխալ մոտեցում է։ Իսրայելում նման գործունեություն իրականացնող 32 կառույց կա, մեր վտանգներն ավելի շատ են, քան Իսրայելինը»։

Հարցին՝ այդ կազմակերպությունների արդյունավետությունն ինչպե՞ս է որոշվում, նա պատասխանեց, որ բանակի արդյունավետությունն էլ է ցածր համարում, բայց դա չի նշանակում, որ պետք է այն լուծարել.

«Դե եկեք՝ մեր բանակն էլ լուծարենք։ Վերակառուցել պետք է ամեն ինչ այս երկրում։ Հիմա հեղափոխության արդյունքում թվում է, թե ամեն ինչ պետք է դեպի լավը գնար, բայց մի երկու բան դեպի վատն է գնում։ Գոնե լրտեսներով զբաղվեն, ստեղծեն մի հակակոռուպցիոն բաժին, ԱԱԾ-ն հետախուզությունով զբաղվելու փոխարեն՝ կոռուպցիոներներին է բռնում։ Լրտեսներն այստեղ վխտում են, իսկ մեր ԱԱԾ-ն զբաղված է լակոտ-լուկուտներին ձերբակալելով, ո՞նց կարելի է նման բան անել, թող լրտեսներով զբաղվեն»։

Մանվել Գրիգորյանի մասին որևէ բացասական բան ասել չցանկացավ՝ նշելով, որ ժամանակին շատ է ասել.

«Հիմա մանր կենդանիները հոշոտում են մեծ հզոր կերպարի, որը բացասական է, ես չեմ ուզում իրեն հոշոտել, որովհետև երբ ես միայնակ նրա դեմ պայքարում էի՝ փոքր լինելով, ոչ ոք չմիացավ։ Այնպես որ, առանց ինձ յոլա գնացեք՝ Մանվել Գրիգորյանին քրքրելու գործում։ Իսկ լրտեսների վերաբերյալ, գիտե՞ք ինչ կա՝ նման ռեգիոններում չի կարող լրտեսներով չվխտալ երկիրը։ Լսե՞լ եք՝ երբևէ ամերիկյան, ֆրանսիական կամ ռուսական լրտես ձերբակալեն, հիմնականում լսում ենք, որ «Օդնոկլասսնիկիով» մի անգրագետ, ներկայանալով որպես գեղեցիկ տիկին, մի անգրագետ ենթասպայի է վերբովկա արել։ Ո՞ւր են լուրջ բացահայտումները լրտեսական ցանցերի։ Քո հետախուզական ակտիվության լավագույն ցուցանիշը ձերբակալված լրտեսներն են, այլ կերպ չի լինում։ Ո՞ւր են մեր ձերբակալված հետախույզները Բաքվում, չկան։ Դրանք այնպիսի հարցեր են, որոնք անպայման հանրայնացնում են»։

Տեսանյութեր

Լրահոս