«Դեհերոսացման այս գործընթացը շարունակական է լինելու, շատ առասպելներ են քանդվելու». Էդգար Վարդանյան

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ ԵԿՄ-ի նման կառույցները կամ պետք է դադարեն գոյություն ունենալ, կամ ռադիկալ կերպով պետք է վերաֆորմատավորվեն, որովհետև, ըստ նրա՝ պետությանը մրցակից որևէ կառույց ժողովրդավարական երկրում չպետք է լինի. «Իսկ այս ամբողջը խոսում է այն մասին, որ գոյություն ունեն պետությանը մրցակից կառույցներ, պետական լծակներ, պետական գործառույթներ են իրականացնում, պետական ոլորտ են մտնում։ Դա պետության թույլտվությամբ էր արվում, որովհետև պետությունը բռնազավթված էր»։

Վարդանյանն ընդգծեց, որ ունեցել ենք ֆորմալ առումով Սահմանադրություն, իրավունքներ, բայց պետությունը չի ճանաչել այդ իրավունքները, որովհետև զավթված է եղել. «Ի՞նչ է նշանակում՝ ընտրակաշառքով կամ ժողովրդի կամքին հակառակ՝ իշխանությունների ձևավորում, սա ի՞նչ է»։

Քաղաքագետի խոսքով՝ ինչքան քիչ մարդկանց գերհատկություններ տանք, հերոս անվանենք, այդքան լավ, քանի որ դա, ըստ նրա՝ ավտորիտար երկրներին է բնորոշ. «Բոլոր մարդիկ, որոնց մասին լուրջ քննադատական բաներ ենք այսօր ասում, աշխատել են փակ համակարգում, կտրված են եղել հանրությունից, աշխատել են այլ խաղի կանոններով, որոնք հանրության կողմից հաստատված խաղի կանոնները չեն, իրենք սպասարկել են իրենց կլանի, իրենց շահը, իրենց պատկերացրած աշխարհի կտրվածքով են իրենց դիրքավորել և փորձել են իրենց պատկերացումները փաթաթել բոլորի վրա։ Այսօր զարմանալի չէ, որ շատերը մարդկանց աչքերին լրիվ այլ կերպ են երևում։ Այսինքն՝ դեհերոսացման այս գործընթացը շարունակական է լինելու, շատ առասպելներ են քանդվելու»։

ԵԿՄ-ն, ըստ նրա՝ ՀՀԿ-ի հետ սերտաճած կառույց է. «Մի կողմից՝ ՀՀԿ-ն է սերտաճած եղել պետության հետ, մյուս կողմից՝ այդ և մի շարք այլ կառույցներ սերտաճած են եղել մեկը մյուսին։ Հիմա, եթե մենք փորձում ենք հաստատել ժողովրդավարական ինստիտուտները, բնականաբար, այն կառույցները, որոնք անցյալում եղել են և մաս են կազմել այդ սերտաճման, կարծում եմ՝ ուզեն թե չուզեն, պետք է այս դաշտից դուրս գան: Այն մարդիկ, ովքեր ազնիվ մղումներից ելնելով են հայտնվել այդ կառույցներում, որպեսզի կարիերա անեն, համակերպվել են, իրենք պետք է հասկանան, որ այդ կառույցներն արդեն անցյալում են, և իրենք նոր կառույցներ թող ստեղծեն, որոնք չեն լինի մրցակից պետությանը և չեն օգտագործվի իշխանության կողմից»։

Տեսանյութեր

Լրահոս