Բաժիններ՝

«Դա ինձ համար շատ ավելի ծանր հանցագործություն է, քան խտացրած կաթ պահեստում ունենալը». իրավապաշտպան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նորմալ է համարում, որ ազատամարտիկները ստեղծել են իրենց հասարակական կառույցը, բայց մինչև այն պահը, երբ այդ կառույցը սկսում է քաղաքականանալ և սպասարկել գործող իշխանություններին. «ԵԿՄ-ն ոչ թե քաղաքականացվեց, այլ նրան ներքաշեցին քաղաքական դաշտ. Նրանց դերն էր՝ սպասարկել օրվա իշխանությանը և կատարել նրանց հրահանգները։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ ԵԿՄ ղեկավարությանը և բոլոր յուրայիններին տրվեցին այնպիսի իրավունքներ և լիազորություններ, որոնց պարագայում նրանք մարդուց կամաց-կամաց վերածվեցին հանցագործի»։

Իրավապաշտպանի խոսքով՝ Երկրապահի դերն այս իմաստով եղել է բացասական. «Ինչ վերաբերում է վերջին տեսանկարահանումներին, ապա, իհարկե, դրանք զայրացնում են, հատկապես՝ նամակների, պահածոների պահը, բայց չպետք է ամեն ինչ խառնվի իրար, որովհետև ես շատ ավելի զայրացած եմ եղել տարիներ շարունակ, երբ տեսել եմ, որ, օրինակ՝ Էջմիածնում փողոցներ են փակված մարդկանց համար, և մարդիկ չեն կարող ազատ տեղաշարժվել իրենց հայրենի քաղաքում։ Երբ ես կշեռքի նժարին եմ դնում խտացրած կաթն ու դա՝ դա ինձ համար շատ ավելի ծանր հանցագործություն է, քան խտացրած կաթ պահեստում ունենալը»։

Նա նշեց, որ ապրում է ԵԿՄ շենքի կողքին, տեսնում է, թե պատանի երկրապահներն ինչպես են մասնակցում միջոցառումներին, և չի կարծում, թե դա Հայաստանում բարձրացնում է զինվորական կրթության մակարդակը. «Չեմ կարծում, թե դա նպաստում է ռազմական ոգու բարձրացմանը, դա ավելի շատ միլիտարիզացիայի իմիտացիա է, ինքնախաբեություն, որի արդյունքում կազմակերպիչները փող են աշխատում»։

Վարդան Հարությունյանն ասաց, որ կոռուպցիան պետությանը, ազգային անվտանգությանը հարվածող երևույթ է, բայց դրանով պետք է զբաղվեն բոլորովին այլ կառույցներ, ոչ թե՝ ԱԱԾ-ն.

«ԱԱԾ-ն չպետք է լինի այնպիսին, ինչպիսին կա. սա սովետական ԿԳԲ-ն է։ Կոռուպցիոներներին նույնիսկ լրագրողները կարող են բռնել, որովհետև նրանց տեղը գիտենք բոլորս։ Եթե այս հեղափոխության արդյունքում հաջողություն գրանցենք, ապա ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը պետք է բոլորովին վերաձևվեն և վերափոխվեն, և երբ քաղաքացին ասի՝ ԱԱԾ, նրա մտքով չպետք է անցնի, որ դա որևէ կապ ունի ԿԳԲ-ի հետ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս