Բաժիններ՝

Մանվել Գրիգորյանի գործով քննող մարմինն ամեն օր ՊՆ-ից տեղեկատվություն և փաստաթղթեր է պահանջում

Գեներալ Մանվել Գրիգորյանի գործով քննող մարմինն ամեն օր Պաշտպանության նախարարությունից տեղեկատվություն և փաստաթղթեր է պահանջում՝ պարզելու  ամառանոցում ԱԱԾ-ի հայտնաբերած սննդի, հագուստի և այլ պարագաների մատակարարման աղբյուրը։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ պահանջվող ամբողջ տեղեկատվությունը տրամադրվում է ՊՆ-ի կողմից։

Մեր հարցին, թե ՊՆ ո՞ր ստորաբաժանումն է պատասխանատու բաշխումների համար, Ա.Հովհաննիսյանը պատասխանեց, որ, ինչպես օրեր առաջ է ասել, ամեն ինչ կախված է նրանից, թե այդ իրերը որտեղից են հայտնվել։

Ըստ նրա՝ ԵԿՄ-ն այդ իրերն ու առարկաները ստացել է տարբեր ճանապարհներով, այդ թվում՝ նաև պաշտպանության բանակից, երբ 2016 թ. մի քանի ամիս կամավորական միության անդամներով կազմել էր ստորաբաժանում և Արցախում մարտական հերթապահություն էր կատարում.

«Հիմա մենք հստակ գիտե՞նք արդյոք՝ այդ պահածոները որ թվին և որ մատակարարված խմբաքանակից են։ Չգիտենք։ Երբ քննող մարմինը դա կհասկանա, հարց կտա, մենք կպատասխանենք։ Իրենք օրական ինչ-որ փաստաթղթեր պահանջում են և հստակ ստանում են այդ պատասխանները, թե տարեկան ինչ է տրվել, ոնց է տրվել և ինչ հրամաններով է տրվել»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ա.Հովհաննիսյանը հայտարարել էր նաև, որ ԵԿՄ-ն արդեն 20 տարուց ավելի է՝ պահեստազորի ակտիվ բանակումներ է իրականացնում, ստանում տարբեր տեսակի պիտույքներ։

ՊՆ այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանը երեկ չէր բացառել, որ իր ղեկավարման ժամանակ ՊՆ աշխատակիցներ լինեն ներգրավված բանակի միջոցները Մանվել Գրիգորյանին տրամադրելու գործում։ «Իհարկե՝ տեղյակ չեմ եղել դրա մասին, բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ և համապատասխան ուղղություններով բաշխում է իրականացրել: Դա պետք է մենք ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից: Թե ինչպես է դա հայտնվել իրենց կառույցներում, իրենց տանը՝ դրա համար պատասխանատվությունը կրում են այն օղակները, որոնք որ անմիջապես բաշխում են իրականացնում ստորաբաժանումների և զորամասային օղակներում և, իհարկե, այն մարմինները, որոնք պետք է համապատասխան վերահսկողություն իրականացնեն»,- ասել էր Օհանյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս