«Ես միայն մի անգամ եմ եղել այդ ամառանոցում». Անդրանիկ Կարապետյանը՝ իր և Մանվել Գրիգորյանի քավոր-սանիկական հարաբերությունների մասին
«Ձեր գործընկերն անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս պատգամավորի նկատմամբ, որը շատ վիրավորական է։ Ու դա պատգամավորին ասելու բան չի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկ Անդրանիկ Կարապետյանը՝ մեկնաբանելով լրագրողներից մեկի «տուշոնկա» անվանելու հանգամանքը։
«Ինձ ասում է՝ դուք ազգականներ եք, հետո ասում է՝ դուք օգտվել եք այդ տուշոնկայից։ Բա դա վիրավորակա՞ն չի»,- ասաց նա՝ նկատելով, թե լրագրողներն իրավունք ունեն պրոֆեսիոնալ հարցեր ուղղել ԱԺ պատգամավորին և ստանալ սպառիչ պատասխան, բայց անձնական վիրավորանք՝ ոչ։
Անդրադառնալով իր ու Մանվել Գրիգորյանի հարաբերություններին՝ Կարապետյանը նշեց, թե գեներալն իր հարսանիքի քավորն է, բայց իրենք քավոր-սանիկական մտերիմ հարաբերություններում երբեք չեն եղել։
«Բանակի սնունդին ով կպնի, դա անթույլատրելի ա»,- ասաց պատգամավորը՝ վստահեցնելով, թե ինքը տեղյակ չի եղել Գրիգորյանի գործերից և միայն մի անգամ է եղել այդ ամառանոցում։
Ըստ Կարապետյանի՝ եթե միայն զենքի հայտնաբերման հարցը լիներ, իրեն այլ կերպ կպահեր, բայց չի կարող հանդուրժել, երբ զինվորի հացին են կպել.
«Հարցը վերաբերում է սրբոցի սրբոց մեր ազգի բանակին, ես և յուրաքանչյուր մարդ հայ ազգի ներկայացուցիչ էդ հարցում պետք է միանշանակ վերաբերվի՝ դա անթույլատրելի է»։