Ընտրված լուծումը ժամանակավոր է, առանց ցայտնոտի քննարկելու և կոնսենսուսի հանգելու նպատակով. վարչապետը` կուտակայինի մասին
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետագա գործունեության առնչությամբ կառավարության առաջարկած լուծումը ժամանակավոր է՝ հանդարտ պայմաններում կոնսենսուի հասանելու նպատակադրմամբ: «Սինոփսիս Արմենիա» ընկերություն այցի ընթացքում աշխատակիցներին ուղղված իր ելույթում հարցը պարզաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ առկա էր չափազանց քիչ ժամանակ որևէ բան փոխելու համար՝ հաշվի առնելով, որ հուլիսի 1-ից օրենքն ուժի մեջ էր մտնելու ևս 80 հազար քաղաքացու համար: «Մեր լուծումը, որ առաջ ենք բերել, ոչ թե արտահայտում է մեր գլոբալ դիրքորոշումը տվյալ խնդրի վերաբերյալ, այլ ընդամենն ունի գործնական նպատակ. ունենալ ժամանակ այդ խնդիրը բոլոր շահագրիգիռ ուժերի ներգրավվածությամբ, հանդարտ պայմաններում, առանց ցայտնոտի քննարկելու»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կա նաև տեսակետ կառավարության իր հարգելի գործընկերների շրջանում, ովքեր պնդում են, որ համակարգը սահմանադրականության հետ կապված հարցեր է առաջացնում:
Վարչապետի խոսքով՝ կար երեք տարբերակ, որոնցից առաջինը օրենքի գործարկման հետաձգումն էր: Բայց կառավարությունը չգնաց այդ ճանապարհով, քանի որ կխախտվեր արդարության և համերաշխության սկզբունքը համակարգին արդեն միացած 207 հազար քաղաքացիների հանդեպ: «Կստացվեր, որ մենք նրանց ասում ենք մնացեք ձեր վիճակում, ոչնչով ձեզ չենք կարող օգնել, մենք շարունակում ենք մեր ճանապարհը»,-ասաց Փաշինյանը:
Համակարգի գործունեության չեղարկումն էլ ոչ միայն կվնասեր Հայաստանի ներդրումային գրավչությանը, այլև հետագայում սխալված լինելու ռիսկը կառաջացներ: Քանի որ, ըստ վարչապետի, եթե քննարկումների արդյունքում որոշում կայացվի չեղարկել համակարգը, դա կարելի է անել և երկու, երեք ամիս հետո, ինչից ոչ ոք էլ չի տուժի, բոլորը կստանան իրենց գումարները՝ այդ թվում՝ տոկոսները: «Եթե չեղարկենք ու հետո որոշենք ճիշտ ենք անում, թե ոչ, այս գործընթացը հետ չենք կարող բերել: Դա կարող է իր հետ աղետներ բերի, բայց մենք ցանկանում ենք տեղեկացված որոշում կայացնել»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Երրորդ տարբերակն էլ ամեն ինչ նույնը թողելն էր, ինչը, ըստ Փաշինյանի կնշանակեր, որ տրվում են հոսանքին, չեն պատարստվում որևէ բան փոխել կամ քննարկել, իսկ ընտրված տարբերակը հավասարակշռված է:
«Սա ամենահավասարակշռված որոշումն է՝ մի պայմանով, որ մենք հանդարտ պայմաններում նստենք ու քննարկենք, կայացնենք մի որոշում, որը կլինի կոնսենսուսային կամ շատ մոտ կոնսենսուսին»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունն առաջարկում է հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներքո քաղաքացիները վճարեն 2.5, պետությունը՝ 7.5 տոկոս: Նախկինում կենսաթոշակային համակարգի մասնակիցը վճարում էր իր եկամտի 5 տոկոսը, 5 տոկոսն էլ՝ պետությունն էր վճարում անձի օգտին:
Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը վերաբերում է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիներին: Կենսաթոշակային համակարգի կառավարիչները երկուսն են՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ ՄենեջմենթԱրմենիա» ՍՊԸ: