Արթուր Գրիգորյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հայ-ճապոնական համագործակցության հեռանկարները
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են էներգետիկայի և բնական պաշարների բնագավառներում հայ-ճապոնական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի էներգետիկայի բնագավառին ցուցաբերված աջակցության համար և հույս հայտնել, որ առկա փոխգործակցությունն այսուհետ ևս կլինի շարունակական:
Դեսպան Յամադայը կարևորել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության համաձայնագրի ստորագրումը՝ հավելելով, որ այն նոր ազդակ կդառնա ներդրումների ներգրավման համար:
Այդ համատեքստում, մասնավորապես, կարևորվել են վերականգնվող էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները։
Հանդիպման ավարտին դեսպան Ջուն Յամադայը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է աջակցելու երկու երկրների միջև հնարավոր ծրագրերի իրականացման գործընթացներին: