«Միայն այս դեպքում է, որ բարեգործություն իրականացնող անձը դիմում է իրավասու մարմնին». Արթուր Հովհաննիսյան
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նա նշեց, որ առաջարկվում է իրավասու մարմին դարձնել այլ պետական մարմին, որը կսահմանվի կառավարության կողմից, կլինի պետական կառավարման համակարգի մարմին, իսկ հանձնաժողովը կարող է լինել խորհրդակցական մարմին.
«Առողջապահության հանձնաժողովում քննարկումների ժամանակ պատգամավորների հիմնական մտահոգությունն այն է, որ այս նախագիծը կարող է խոչընդոտել բարեգործության իրականացմանը, բայց այս ծրագրով մենք բարեգործության, բարեգործություն ստացողների շրջանակը չենք փոխում, բարեգործության իրականացումը նույնկերպ կատարվում է, իսկ այս մարմնի հետ առնչվելը պայմանավորված է բացառապես հետևյալ հանգամանքով. եթե բարեգործություն իրականացնող անձը ցանկանում է ստանալ «Բարեգործության մասին» օրենքով նախատեսված խրախուսանք կամ արտոնություն, որը կարող է լինել հարկերից, տուրքերից, պարտադիր վճարներից ազատվելու արտոնություն, կամ իր բարեգործության կատարման ընթացքում ստանալ պետական կամ համայնքային աջակցություն։
Միայն այս դեպքում է, որ բարեգործություն իրականացնող անձը դիմում է իրավասու մարմնին, որպեսզի իր ծրագիրը դիտվի բարեգործական»։
Նա հստակեցրեց՝ նախագիծը և ստեղծվելիք հանձնաժողովը որևէ կապ չունի այն բարեգործների և նրանց բարեգործական ծրագրերի հետ, որոնք չեն ակնկալում որոշակի խրախուսում կամ արտոնություն. «Եթե չեն ակնկալում, որևէ շփում իրավասու մարմնի հետ չկա»։