«Պետք չէ ուրախանալ, ոգևորվել, կացինը վերցնել ու հենց այդ մի ծառի վրա հարձակվել». Էդմոն Մարուքյան
«Այստեղ որևէ դեպքում չի կարելի խոսել անմեղության կանխավարկածի մասին»,- այսօր պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ գործ ունենք դիակապտության հետ, երբ Արցախի բարձրագույն պարգև ստացած անձը սովորական «շարքային գող» է, որը կարող է իրեն թույլ տալ գողանալ զինվորի հացը։
Ն. Զոհրաբյանը վստահ է՝ սա երկար տարիների ամենաթողության արդյունք է։ Նա նկատեց, որ բազմաթիվ «Մանվել Գրիգորյաններ կան, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեն»։
Ն. Զոհրաբյանը հիշեցրեց Մ. Գրիգորյանի հայտնի արտահայտությունը, երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ասել էր՝ «մեխն էլ, նալն է, մուրճն էլ քո ձեռքին է». «Հիմա նալն էլ, մուրճն էլ, մեխն էլ օրենքի ու օրինականության ձեռքում է»։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ ծառն ընկել է, կացնավորը շատացել է. «Մի ծառ է ընկել, բայց դեմներս անտառներ են՝ խիտ ու հաստափոր ծառերով։ Պետք չէ ուրախանալ, ոգևորվել, կացինը վերցնել ու հենց այդ մի ծառի վրա հարձակվել։ Մանվել Գրիգորյանի մասին չեմ ուզում խոսել, որովհետև նրան արդեն անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի մեջ ենք, ու արդարադատությունը հարցը կլուծի»։
Նա նկատեց, որ ինքը ժամանակին խոսել է զենքի մասին. «Խոսել ենք այն մասին, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ-ում կան մարդիկ, ովքեր զինված են, ու կան մարդիկ, ովքեր զինված չեն, ու այն մարդիկ, ովքեր զինված են, նրանցից կա բնական վախ։ Ասում էի՝ ժողովուրդ, եկեք օրենք ընդունենք ՀՀ-ում՝ լեգալացնենք զենքը, որ բոլորը զենք ունենան, բոլորն իմանան, որ բոլորը հավասար են, ու լինի հավասարների հասարակություն, ոչ թե հասարակության կեսը գիտի, որ մյուս կեսը զենք ունի, ու եթե խելոք չմնա, այս մյուս կեսը կկրակի նրան։ Այստեղ ասում էին՝ այդ ի՞նչ եք դուք առաջարկում, չե՞ք ամաչում, ուզում եք՝ տան-իրար սպանե՞ն։
Հիմա էլ այս հարցին պետք է անդրադառնանք՝ այս լայնամասշտաբ զենքի հայնտաբերման կոնտեքստում, վերջը մենք ի՞նչ հասարակություն ենք ուզում ունենալ՝ պետք է բոլորը զենք ունենա՞ն, թե՞ չունենան, այս հարցը ո՞նց ենք լուծելու, ժողովուրդ ջան։ Մենք չպետք է ունենանք պետության ներսում փոքր պետություններ, պետք է պրոցես սկսենք երկրում, որ իրենց պետության տեղ դրած անձանց օրենքով սահմանված կարգով չեզոքացնեն»։