«Մենք բոլորի հետ խոսում ենք Հայաստանի սուվերենության դիրքերից». Արսեն Խառատյան
ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ կարևոր քննարկումներ են եղել, տրամադրությունները դրական են եղել։
«Մենք խնդիր չունենք որևէ մեկի հետ հարաբերություն կառուցել՝ այլ երկրների հետ հարաբերությունների հաշվին։ Այն, որ մեր ընկալումն ու զգացումը սուվերեն դիրքերից խոսելու էր, հաստատ է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց երկկողմ համագործակցության շրջանակում պետությունների սուվերենության հարգման անհրաժեշտության մասին, իսկ Պուտինը հիշեցրեց ՌԴ-ի՝ Հայաստանի ամենամեծ առևտրատնտեսական գործընկեր-պետություն լինելու փաստը՝ հղում կատարելով ԵԱՏՄ-ի մեխանիզմների կարևորությանը:
Արսեն Խառատյանը չի հասկանում, թե ինչո՞ւ է Փաշինյանի հայտարարությունն այդքան շատ քննարկվել. «Դա ասվում է մեր բոլոր գործընկերներին, Հայաստանում հավատարմագրված դեսպաններին»։
Նա նշեց, որ հանդիպման ժամանակ չեն քննարկվել Ռուսաստանի և որևէ երրորդ երկրի համագործակցության մասին հարցեր.
«Հայ-ռուսական հարաբերություններում մութ անկյուններ չկան և չպետք է լինեն, մենք պետք է հնարավորինս բաց, անկեղծ և ուղիղ խոսենք, և խոսակցությունը հենց այդպես էլ տեղի էր ունենում»։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Պուտին-Փաշինյան հանդիպմանը լուծվել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդիրը, թե՞ հետո էլ Հայաստանն առնչվելու է այդ խնդրին, Արսեն Խառատյանը պատասխանեց․
«Մենք Ռուսաստանի հետ որևէ երրորդ երկրի հետ համագործակցության հարցը չենք քննարկում: Մեր ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ քննարկում եղել է։ Խնդիրներ կարող են լինել, սակայն հարցն այն է, թե ինչ ակտիվությամբ է այդ խնդիրների մասին բարձրաձայնվում: Այս հանդիպման ժամանակ որոշ հարցեր լուծվել են: Բայց կան մեծ հարցեր և կան ենթահարցեր: Չպետք է լինեն թափթփված, անորոշ հարցեր»:
Անդրադառնալով միջազգային հարթակներում քվեարկությունների հարցին, երբ Հայաստանը հիմնականում պաշտպանում է Ռուսաստանի շահերը, Արսեն Խառատյանը նշեց, որ այդ հարցը ևս պետք է քննարկել գործընկեր երկրների հետ, ինչպիսիք են, օրինակ, Ուկրաինան կամ Վրաստանը, և որոնք տարբեր ժամանակներ քվեարկում են նաև Հայաստանի դեմ:
«Եթե ցանկանում ենք այս հանգույցը կոտրել, պետք է խոսենք բոլորի հետ: Պետք է խոսենք մեր ուկրաինացի, վրացի գործընկերների հետ, հարցնենք՝ ի՞նչ եք առաջարկում, ու մենք էլ առաջարկենք, բայց լուծենք, ոչ թե քվեարկությունից հետո իրարից նեղանանք»,- ասաց նա: