«Մնացականյան-Մամեդյարով հանդիպման պայմանավորվածություն չկա». Բալայան

«Հայկական կողմի համար գերակա է Արցախի կարգավիճակըէ և նրա ժողովրդի անվտանգությունը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման ժամկետներին:

Բալայանն ասաց, որ այս պահի դրությամբ հստակ պայմանավորվածություն չկա։ «Եթե վերջնական պայմանավորվածություն ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, ժամկետների և վայրի մասին կտեղեկացնենք»,- նշեց խոսնակը:

Պատասխանելով հարցին, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց ՀՀ կատարած այցի ընթացքում կարծիք հայտնե՞լ են Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հայկական կողմի դիրքորոշման վերաբերյալ, Բալայանը պատասխանեց, որ հավելյալ տեղեկատվություն տրամադրել չի կարող:

Նա ընդգծեց, որ հայկական կողմի համար գերակա է Արցախի կարգավիճակը և նրա ժողովրդի անվտանգությունը։ Անդրադառնալով մեկ այլ դիտարկման, թե ինչու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած վերջին հաղորդագրությունում որևէ անդրադարձ չկա Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, Բալայանն արձագանքեց՝ ասելով, որ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը և հայկական կողմի, և համանախագահների օրակարգում է:

Նրա խոսքով՝ դրա մասին հրապարակավ խոսվել է: «Երբ մենք ասում ենք, որ հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան խաղաղ գործընթացի առաջընթացը, հենց դա նկատի ունենք, այն պայմանները, որի ժամանակ չեն կրակում, որի ժամանակ ուժի կիրառման վտանգները չկան, որը թույլ է տալիս համապատասխան մթնոլորտ բանակցությունների հետագա ընթացքի համար: Վիեննան, Պետերբուրգն ու Ժնևը հենց դրա մասին են խոսում»,- ասաց Բալայանը:

 

Տեսանյութեր

Լրահոս