Բաժիններ՝

«Այստեղ շատ սեր կա` թաքնված սեր…»

Տևական դադարից հետո «Մեղրի համը» բեմադրությունը նոր դերասանական կազմով կներկայացվի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Թատերասերներն այն դիտելու հնարավորություն կունենան հունիսի 23-ին և 29-ին:

Ներկայացման բեմադրիչ Գոռ Մարգարյանն ասել է, որ բովանդակային առումով այս անգամ այն փոփոխության չի ենթարկվել: Ներգրավվել են դերասաններ Եվա Զոհրաբյանը, Սեյրան Մովսիսյանը:

Մարգարյանի խոսքով`այս գործն իր համար առանձնահատուկ է:

«Այստեղ շատ սեր կա` թաքնված սեր… Ներկայացման մեջ սիրո բացակայությունն ընդգծում է, թե մարդը որքան սիրո կարիք ունի ու թե ինչ հետևանքներ կարող են լինել դրա բացակայության պարագայում»,- պատմել է նա:

Հարցին, թե ո՞րն է այս ներկայացման հաջողության գրավականը, բեմադրիչը հետևյալ կերպ է արձագանքել.

«Միանշանակ՝ դերասանները, մի փոքր էլ ես: Իսկ եթե ավելի լուրջ՝ տանդեմ ասվածն այս ներկայացման մեջ ամենամեծ ու հաղթական դերն է կատարել: Յուրաքանչյուրն իր գործը ազնիվ է արել ու մեծ սիրով:

Բեմանկարիչ Նելլի Բարսեղյանի կատարած աշխատանքի մասին կարող եմ ասել, որ որտեղ ես, այնտեղ էլ նա: Միասին երկար ճանապարհ ենք անցել և վստահ եմ` դեռ անցնելու ենք»,-ընդգծեց Մարգարյանը:

«Մեղրի համը» ներկայացումը ցուցադրվել է նաև Մոսկվայում (Պ. Ֆոմենկոյի արվեստանոցում), Մինսկում (ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական II ֆորումին, որտեղ դերասանուհի Մարիամ Ղազանչյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն կին դերակատար» անվանակարգում):

2014 թվականին ՀԹԳՄ ամենամյա «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը «Մեղրի համը» հաղթող է ճանաչվել վեց անվանակարգում:

Լուսանկարը` Արաքս Կետիկյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս