Հնդկաստանում հայտարարել են ջրի պակասի պատճառով էկոլոգիական աղետի մոտենալու մասին
Հնդկաստանը հայտնվել է իր ողջ պատմության ընթացքում ջրի ծանրագույն ճգնաժամի ճիրաններում, որը տարեկան երկրի շուրջ 200 հազար քաղաքացիների կյանք է խլում: Այդ մասին ասված է Հնդկաստանի տրանսֆորմացիայի ազգային ինստիտուտի հրապարակված զեկույցում:
Ինպես պնդում են զեկույցի հեղինակները, այսօրվա դրությամբ երկրի բնակչության մոտավորապես կեսը (շուրջ 600 մլն մարդ՝ 1,3 միլիարդից) բախվում է ջրի անբավարարության խնդրին, իսկ արդեն 2030 թվականին ջրի պահանջարկը կրկնակի կգերազանցի երկրում հասանելի ջրային պաշարները:
«Հարյուր միլիոնավոր հնդիկների համար ջրի սուր պակասը կարող է հանգեցնել 6 տոկոսով երկրի ՀՆԱ-ի նվազման»,-նշվում է հետազոտության մեջ, որից մեջբերումներ է արել Business Standard թերթը: Զեկույցում նշված է, որ Հնդկաստանի 21 գերքաղաքներ ստորգետնյա ջրերի իրենց պաշարները կսպառեն արդեն 2020 թվականին, ինչը կազդի շուրջ 100 մլն մարդու կյանքի վրա:
Վկայակոչելով անկախ գործակալությունների տվյալներ՝ զեկույցի հեղինակները նաեւ գրում են, որ Հնդկաստանի ջրային պաշարների 70 տոկոսն աղտոտված է, ինչը ջրի որակի նրա ինդեքսը 120-րդ տեղն է դնում 122-ի շարքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP