«Եթե դա չապացուցվի, դա կարող է դիտարկվել՝ որպես հետապնդում». Արայիկ Հարությունյանի պատասխանը` Էդուարդ Շարմազանովին
«Երբ ասում են՝ այլ կերպ, թող ասեն՝ այդ այլ կերպը ոնց է լինում։ Ես կարծում եմ՝ իրավապահ մարմինները եղել են իրենց լիազորությունների շրջանակներում։ Եթե իրենք դժգոհում են դիմակավորված մարդկանցից, դա իրենց գործառույթն է, և իրենց գործառույթների շրջանակներում նման կերպ է հանդերձանքը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նախկին անդամ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ «Երևան» հիմնադրամում ԱԱԾ գործողություններն առնվազն ձևի առումով՝ ՀՀԿ-ն դիտարկում է ոչ համաչափ։
Ըստ նրա՝ ԱԱԾ-ն համապատասխան հայտարարություն տարածել է և ասել է, թե խնդիրը կոնկրետ ինչ է. «Վերլուծություն կարվի և կհասկացվի։ Եթե դա չապացուցվի, դա կարող է դիտարկվել՝ որպես հետապնդում»։
Հիշեցնենք, որ Էդուարդ Շարմազանովը երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո մտահոգություն է հայտնել ԱԱԾ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ։ «Չենք բացառում, որ այստեղ կարող են լինել հնարավոր քաղաքական շարժառիթներ»,- ասել է նա՝ նշելով, որ ՀՀԿ-ն բացառապես օրինականության կողմնակից է:
Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ուշի ուշով հետևելու են այս գործընթացին ու նաև կոչ են անում բոլոր կողմերին, որպեսզի ամեն ինչ լինի օրինականության շրջանակներում ու հարգվի անմեղության կանխավարկածը։
Մանրամասները՝ տեսանյութում