Բաժիններ՝

«ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցներն առայժմ ուժի մեջ կմնան, բայց կարող են հանվել». Թրամփ

ԿԺԴՀ-ի նկատմամբ ավելի վաղ ընդունված պատժամիջոցներն առայժմ ուժի մեջ կմնան, սակայն հեռանկարում կարող են հանվել: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հունիսի 12-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սինգապուրում ելույթ ունենալով ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Որոշակի ժամանակահատվածում Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն ուժի մեջ կմնան»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը, նշելով, որ դրանք չեն կարող հանվել առանց այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրադրության էական բարելավման:

Վաշինգտոնը, նրա խոսքով, մոտավորապես 300 նոր պատժամիջոց է պատրաստ պահում Փհենյանի նկատմամբ: Դրա հետ մեկտեղ նա կցանկանար՝ հեռանկարում չեղարկել այդ պատժամիջոցները: Նրա խոսքով՝ «գագաթնաժողովից առաջ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացումն անհարգալից կլիներ Կիմ Չեն Ընի նկատմամբ»: ԱՄՆ-ի նախագահի եւ Կիմ Չեն Ընի հանդիպմանը քննարկվել է մարդու իրավունքների խնդիրը, ինչպես նաեւ Ճապոնիայի առեւանգված քաղաքացիների հարցը:

«Այո՛, մենք քննարկել ենք մարդու իրավունքների հարցը, եւ այն հետագայում էլ քննարկվելու է»,-ասել է Թրամփը, նշելով, որ այդ թեմային այնքան շատ ժամանակ չի հատկացվել, որքան միջուկազերծմանը: «Մենք նաեւ արծարծել ենք Ճապոնիայի առեւանգված քաղաքացիների հարցը»,-հավելել է Թրամփը: Նա հանդիպումը որակել է արդյունավետ ու ազնիվ:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Կիմ Չեն Ընին՝ իր ժողովրդի լուսավոր ապագան տանող առաջին լուրջ քայլի համար,-ասել է ԱՄՆ-ի նախագահը:-Նախագահ Կիմ Չեն Ընի հետ իմ հանդիպումն ազնիվ էր, անկեղծ ու արդյունավետ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս