Բաժիններ՝

6 բան, որ չաժե անել քաղցած վիճակում

Վաղ առավոտը կարող է հիանալի ժամանակահատված լինել մի շարք զբաղմունքների համար և բոլորովին անհարմար` ուրիշների համար: Որոշ սովորություններ զարգանում են ինքնաբերաբար: Եվ դրանց թվում կան այնպիսիները, որոնք չարժե անել օրվա այս կամ այն ժամին: Եվ այսպես, ի՞նչ չի կարելի անել քաղցած փորին:

Մի ընդունեք հակաբորբոքային պրեպարատներ:

Որոշակի տեսակի դեղեր քաղցած փորին ընդունել խորհուրդ չի տրվում: Դրանց թվին են պատկանում նաև տարատեսակ հակաբորբոքային պրեպարատները: Այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են ասպիրինը, պարացետամոլը և նմանատիպ բնութագրիչներ ունեցող այլ պրեպարատներ, չպետք է ստանալ քաղցած ստամոքսին: Սրա պատճառն ակտիվ նյութերի արդյունավետության նվազումն է, ինչպես նաև ստամոքսային արյունահոսության զարգացման հավանականությունը, ինչը լուրջ սպառնալիք է առողջության համար:

Կարդացեք նաև

Կաթը կարող է նվազեցնել այս դեղամիջոցների ընդունման նեգատիվ հետևանքները: Այնպես որ, եթե լակտոզան մարսելու խնդիր չունեք, կարող եք դեղորայքը խմել կաթով: Կարելի է այն խմել նաև ավանդական եղանակով` ջրով:

Սուրճ մի խմեք:

Եթե սուրճն առաջին բանն է, որ դուք խմում եք անմիջապես անկողնուց վեր կենալուց հետո, պետք է ասել, որ դա օրը սկսելու լավագույն տարբերակը չէ, քանի որ սուրճը, անգամ, եթե այն առանց կոֆեինի է, խթանում է թթուների արտադրությունը: Եվ քաղցած ստամոքսին մեկ գավաթ սուրճը կարող է այրոց ու մարսողական համակարգի աշխատանքի այլ խնդիրներ առաջացնել:

Ալկոհոլ մի խմեք:

Ձեր քաղցած ստամոքսի վրա ալկոհոլը կարող է իրապես պայթյունի էֆեկտ առաջացնել: Բանն այն է, որ օրգանիզմի հյուսվածքների կողմից ալկոհոլի ներծծումը 2 անգամ ավելի ուժեղ է լինում, երբ այն քաղցած փորին են խմում: Սա նույնն է, ինչ, եթե ալկոհոլը ներերակային ճանապարհով ընդունես: Եթե ալկոհոլային խմիչքը քաղցած ժամանակ խմես, ապա օրգանիզմից այն նշանակալիորեն դանդաղ դուրս կգա:

Բացի դրանից, ուժեղ խումհար կհարուցի, էլ չենք խոսում այն մասին, որ այն բացասաբար կանդրադառնա ձեր լյարդի, սրտի ու երիկամների վրա: Այն դեպքում, երբ ինչ-որ պատճառով քաղցած փորին ալկոհոլի ընդունումն անխուսափելի կլինի, փորձեք գոնե նախապատվությունը տալ չգազավորված ալկոհոլային խմիչքներին, նրանց, որոնք սովորաբար սառը վիճակում են մատուցվում ու դանդաղ են ներծծվում արյան մեջ:

Ծամոն մի ծամեք:

Քաղցած փորին ծամոն ծամելը նույնպես ձեր ստամոքսի համար լավագույն գաղափարը չէ, քանի որ ծամելու ընթացքում արտադրվող աղաթթուն բացասաբար է անդրադառնում ստամոքսի լորձաթաղանթի վրա, ինչը վերջնական արդյունքում կարող է հանգեցնել գաստրիտի: Եթե շատ եք ուզում ծամոն ծամել, ընտրեք այնպիսին, որի բաղադրության մեջ բնական քաղցրացուցիչներ են մտնում, այնպիսիք, ինչպիսիք են քսիլիտն ու սորբիտը, այլ ոչ՝ շաքարը, ցիկլամատը և ասպարտամը: Բայց ամեն դեպքում, 10 րոպեից ավելի ծամոն ծամել չարժե: Դա վնասակար է, անգամ, եթե դուք հենց նոր եք կուշտ կերել:

Մի մարզվեք:

Եթե դուք հենց նոր եք արթնացել ու դեռ չեք նախաճաշել, ապա չարժե ինքներդ ձեզ քայքայել ինտենսիվ, հոգնեցնող մարզումներով: Դա կհանգեցնի միայն այն բանին, որ դուք կկորցնեք ձեր մկանային զանգվածը: Բացի դրանից, մարզվելը ձեզ համար շատ դժվար կլինի, քանի որ առավոտ շուտ ձեր օրգանիզմը պարզապես բավարար քանակի էներգիա չունի կուտակված՝ լիարժեք մարզում անցկացնելու համար:

Քաղցած փորին դուք կարող եք անել միայն թեթև, աէրոբիկային բնորոշ ֆիզիկական վարժություններ: Սակայն, եթե դուք մարսողական համակարգի առողջության հետ կապված ինչ-որ խնդիրներ ունեք, ավելի լավ է, ամեն դեպքում, ինչ-որ բան ուտել, քանի որ ցանկացած ֆիզիկական ակտիվություն խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, իսկ դատարկ ստամոքսի համար, ինչպես դուք հասկանում եք, դա վատ է:

Մի գնացեք մթերքներ գնելու:

Երբ դուք քաղցած եք, ավելի լավ է մթերային խանութ գնումների չգնալ: Դա կավարտվի նրանով, որ դուք շատ ավելորդ բաներ կգնեք: Այնպես որ, երբեք առավոտ շուտ, քաղցած գնումների մի գնացեք: Արդեն ապացուցված է, որ քաղցի զգացումը մեզ ստիպում է գնել ավելի շատ բան, քան մեզ հարկավոր է:

Այդպիսի սխալներից խուսափելու համար միշտ աշխատեք գնումների կուշտ գնալ, իսկ ավելի լավ է՝ նախապես անհրաժեշտ մթերքների ցանկ կազմած: Այսպես դուք բավականաչափ գումար կտնտեսեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս