Իշխան Սաղաթելյանը Վերին Գետաշենի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի 2018 թվականի հունիսի 11-ի համապատասխան որոշմամբ Վերին Գետաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Հայկ Սարգսյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը օրեր առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ավագանուն, որը եւ ընդունվել էր ձայների մեծամասնության արդյունքում: Իսկ առաջիկա 20 օրերի ընթացքում Վերին Գետաշենում հայտնի կլինի նաեւ համայնքի ղեկավարի ընտրության օրը:
Հայկ Սարգսյանը ծնվել է 1987 թվականին, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում: Ավարտել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի «Շինարարական տեխնոլոգիաներ» ֆակուլտետը: 2009-2011 թվականներին ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում՝ Մարտունի-3» պաշտպանական տեղամասում: Զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո աշխատանքի է անցել մայրաքաղաքի «Լոգիկոն» հաշվապահական գրասենյակում: 2016 թվականի ՏԻՄ ընտրություններում առաջադրվել եւ գրանցվել է որպես համայնքի ղեկավարի թեկնածու:
Հայկ Սարգսյանն անկուսակցական է, ամուսնացած չէ:
Խոսրով Խլղաթյան