Բաժիններ՝

Ադրբեջանում քաղաքական ճնշումներն ու հետապնդումները ողջ թափով շարունակվում են

Հակառակ ակնկալիքների՝ Ադրբեջանում 2018 թ. առաջին կեսին մարդու իրավունքների բնագավառում իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև ուղեկցվել է ճնշումների և հետապնդումների նոր ալիքով: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակին անդրադարձել է քաղբանտարկյալների հարցերով մոնիտորինգային կենտրոնը:

«Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցկացվել են ավանդական ճնշումների, ընդդիմության գործողությունների սահմանափակման և ձերբակալությունների մթնոլորտում: Ընդդիմադիր ակտիվիստների շրջանում զանգվածային ձերբակալություններ են եղել ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հաջորդող շրջանում: Ադրբեջանական իշխանությունները մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հետևողականորեն վարում են հասարակության մեջ այլակարծության դեմ պայքարի քաղաքականություն: Ադրբեջանում քայքայվում են քաղաքացիական հասարակության ինստիտուտները, զանգվածային ճնշումների են ենթարկվում հավատացյալները, դատավորներն իրականացնում են իշխանությունների պատվերը»,-նշել է մոնիտորինգային կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը:

Մոնիտորինգային կենտրոնի ղեկավարի փոխանցմամբ՝ նախորդ ամիս Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված համաներման հրամանագիրը չի արդարացրել սպասումները և չի լուծել քաղբանտարկյալների հարցը:

«Համաներման արդյունքում ավելի քան 160 քաղբանտարկյալներից ազատ են արձակվել միայն 12-ը, որոնց մի մասի պատժի ժամկետն ավարտվելու էր համաներման կիրառումից մի քանի օր կամ մի քանի շաբաթ հետո»,-նշված է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս