«Պարտադիրի ներդրումն այս պահին անընդունելի է, անկախ նրանից՝ վարչապետը Նիկոլ Փաշինյա՞նն է, թե՞ ոչ»
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները կրկին ոտքի են ելել և խոստանում են բողոքի նոր ալիք, եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հուլիսի 1-ից ներդնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։
Արդեն այսօր՝ կառավարության արտահերթ նիստի օրում, նրանք նախնական բողոքի ակցիա անցկացրեցին կառավարության շենքի մոտ՝ պնդելով, որ որևէ փոփոխություն ընդունելի չէ և պարտադիրի ներդրումը պետք է հետաձգվի։
Դեռ 2014թ. հանրահավաքների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ քաղաքացիների 80%-ը բացարձակ բարձրագույն իշխանության կրողն է և այդ 80%-ը դեմ է պարտադիր բաղադրիչին, նաև խոստացել էր ամեն ինչ անել «լուսավոր շարժման» հաղթանակի համար։
Մինչդեռ այժմ խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «պրոցեսն անցել է անդառնալիության կետը», ռիսկերը կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության վրա, պարտադիր կուտակային համակարգի շահառուների մոտավորապես 80 տոկոսն արդեն իսկ ներառված է համակարգում, և շահառուների միայն 20 տոկոսն է, ում ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո։
«Իհարկե, մենք պիտի կայացնենք այնպիսի որոշում, որը բխում է բացառապես Հայաստանի ազգային շահերից»,- ասել է Ն.Փաշինյանը՝ հիշեցնելով, որ պարտադիր կուտակայինի նկատմամբ մեծագույն վերապահումը եղել է վստահության բացակայությունն այն ներդրող կառավարության և իշխանության նկատմամբ:
Այսօր արդեն գործադիրը հավանության արժանացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը՝ նվազեցնելով վճարվելիք գումարի տոկոսը, և այն ուղարկեց խորհրդարան։ Ընդ որում՝ նախագծի քննարկումն արտառոց էր. վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի միջև բուռն վիճաբանություն ծագեց։ Վերջինս հայտարարեց, որ որպես ՀՅԴ ներկայացուցիչ՝ կողմ չի քվեարկել պարտադիր կուտակային համակարգին, և այս դեպքում էլ դեմ է այն տարբերակին՝ հասկանալով հանդերձ, որ այսօրվա լուծումը պարտադրված լուծում է:
«Կներեք, ես թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում այլ հաշվարկներով, այլ մոտեցումներով փորձեն մարդկանց բաժանել առավել սկզբունքայինների և պակաս սկզբունքայինների, և ես ուզում եմ, որ շատ հստակ լինի այս հարցում մեր բոլորի տեսակետը»,- հայտարարեց վարչապետը՝ հույս հայտնելով, որ հասկանալի է, որ կիսադիրքորոշումներով չի կարելի առաջ շարժվել, և կիսադիրքորոշումներից արվելու են հետևություններ:
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի «ուլտիմատումից» հետո, թե՝ «ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր այս պատասխանատվությունը չեն վերցնում, մեզ հետ չեն», Ա.Մինասյանը կողմ քվեարկեց։
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահան Դուրինյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իրենք փորձում են կառավարությանը հասցնել առկա անհանգստությունը, որ ներդրումն այս պահին իրոք անընդունելի է, անկախ նրանից՝ վարչապետը Նիկոլ Փաշինյա՞նն է, կառավարությունը վստահություն ունի՞, թե՞ ոչ։
«Դրանից կախված չէ այս հարցը։ Վստահեցրել ենք, որ, եթե իրոք այդ ուղղությամբ է գնում հարցը, հաստատ բողոք կլինի»,- ասաց Վ.Դուրինյանը։
Նրա խոսքով՝ Ն.Փաշինյանի կառավարությունը վստահություն ունի, բայց նախկինում Տիգրան Սարգսյանի կառավարության հանդեպ վստահության պակասը միակ հարցը չէր, խնդիրները շատ-շատ էին. «Ենթադրենք՝ այդ հարցը հիմա դուրս է եկել, այո՛, վստահում ենք կառավարությանը, բայց մնացած խնդիրներն ինչպես կային, այնպես մնացել են։ Օրենքը չի փոփոխվել, փորձել են մեղմացնել, բայց խնդիրները մնում են։ Օրինակ՝ անկախ աշխատավարձի չափից՝ սահմանված է վերին շեմ՝ 25 հազար դրամ, այսինքն՝ վճարվելիք գումարը նախկինի նման 50-70 հազար դրամի չէր կարող հասնել, բայց միևնույն ժամանակ՝ մոտ 1.5 տարի հետո նախատեսված է այդ վերին շեմը հանել։ Այսինքն՝ փոքր փոփոխություններ էին արվել, որ մեղմեն, բայց հետո կրկին հետ էին բերելու նույն վիճակին։ Կամ՝ երբ անձը բավականաչափ գումար չունի խնայողության համար, բայց լրացուցիչ գումար են պարտադիր վերցնում, եթե ինչ-որ բանի կարիք ունենա, ստիպված է բանկից վարկ վերցնել ու տոկոս վճարել։ Ստացվում է, որ քաղաքացուց վերցրած փողով ինչ-որ մեկը տոկոս է աշխատում ու եկամուտ ստանում, իսկ անձը ստիպված ուրիշ տեղից է գումար վերցնում ու տոկոս վճարում, և բացառված չի, որ այդ փողը պտտվում ու գալիս է այն բանկ, որից քաղաքացին վարկ է վերցնում։ Ստացվում է՝ ինքս ինձ տոկոսով փող եմ տալիս»։
Վ.Դուրինյանը նշեց, որ սա գուցե լավ զարգացած երկրում աշխատեր, որտեղ մարդիկ շատ ավելի փողեր ունեն և չգիտեն ինչ անել՝ խնայելու առումով, իսկ Հայաստանում բնակչությունը դեռ այդքան լավ չի ապրում, որ կարողանա ամսական այդքան գումար խնայել։
«Անկախ նրանից, թե ինչքան մարդ է մասնակցում համակարգին, նրանց մեծ մասը ստիպված է մասնակցում, նրանք էլ են բողոքում և սպասում փոփոխությունների։ Մնացած 20 %-ն էլ հիմնականում ակտիվ է, և շատերն անհանգիստ են։ Ակնհայտ է, որ բողոք լինելու է»,- պնդեց Վ.Դուրինյանը։