Գիտնականներն անսովոր կապ են բացահայտել ցրտերի և սրտի տագնապների միջև
Եղանակի ցրտելը ոչ միայն մեծացնում է սրտի տագնապի կամ ինֆարկտի հավանականությունը, այլեւ հաճախ սպանում է ռիսկի խմբի մարդկանց: Այդ մասին հայտարարել են սրտաբանները, որոնք Մանչեսթրում ելույթ են ունեցել Մեծ Բրիտանիայի սրտաբանների հանրակցության ամենամյա հանդիպմանը։
«Մենք չգիտենք որեւիցե ֆիզիկական պատճառ, որ նույնիսկ ամենածանր սրտի տագնապը մարդու կյանքին ավելի շատ սպառնա ձմռանը, քան ամռանը: Մենք արդեն այժմ լրացուցիչ փորձեր ենք անցկացնում եւ ջանում ենք հասկանալ՝ ինչի հետ է դա կապված: Հնարավոր է՝ սուր շնչառական հիվանդությունների եւ գրիպի համաճարակների հետ կամ այն բանի հետ, որ ձմռանն ավելի դժվար է հիվանդանոց պառկելը»,-հայտարարել է Լիդսի համալսարանի (Մեծ Բրիտանիա) աշխատակից Արվին Կրիշնամուրտին:
Ինչպես վերջերս պարզել են գիտնականները, սրտի հետ կապված խնդիրներ ունենալու հավանականությունը կախված է ոչ միայն սննդակարգից, ֆիզիկական ակտիվության մակարդակից եւ գենետիկական նախատրամադրվածությունից, այլեւ արտաքին գործոններից, այդ թվում՝ եղանակից, օդի ջերմաստիճանից եւ բնապահպանական իրադրությունից:
Օրինակ, չորս տարի առաջ հոլանդացի սրտաբանները վերլուծել են տեղի սրտի հիվանդների հիվանդությունների պատմությունը եւ պարզել, որ նրանք ավելի հաճախ ինֆարկտների զոհ են դառնում օդի ջերմաստիճանի նվազման դեպքում: Միջին հաշվով, եթե ջերմաստիճանը նվազել է 10 աստիճանով, ինֆարկտի հավանականությունը մեծացել է յոթ տոկոսով: Կրիշնամուրտին եւ Լիդսի կենտրոնական քաղաքական հիվանդանոցից նրա գործընկերները եւս մեկ փոխադարձ կապ են բացահայտել օդի ջերմաստիճանի, տարվա ժամանակի եւ սրտի տագնապների միջեւ, երբ ուսումնասիրել են վերջին չորս տարվա ընթացքում իրենց կլինիկայում հավաքված վիճակագրությունը:
Այդ ժամանակաշրջանում սրտաբանական բաժանմունքում հայտնվել են չորս հազարից ավելի բրիտանացիներ, նրանցից ոմանք տարել էին լուրջ ինֆարկտներ կամ հանկարծակի կանգ էր առել նրանց սիրտը: Բժիշկներն ուշադրություն են դարձրել հետաքրքիր վիճակագրական կախվածության վրա. պացիենտները, որոնք կլինիկա էին դիմել նոյեմբերից մինչեւ ապրիլ, մահացել են մոտավորապես մեկուկես անգամ ավելի հաճախ, քան սրտի մյուս հիվանդները: Միջին հաշվով տարվա ցուրտ ժամանակ յուրաքանչյուր երրորդ սրտի տագնապն ավարտվել է սրտի կանգով եւ մահով, իսկ տաք ժամանակաշրջանում՝ միայն յուրաքանչյուր չորրորդը:
Չնայած այն բանին, որ այդ կապի բնույթը դեռեւս հանելուկ է մնում, բժիշկները առողջապահական ծառայություններին խորհուրդ են տալիս հաշվի առնել այդ փաստը եւ ցուրտ ժամանակ ավելի ակտիվորեն պայքարել ինֆարկտների եւ սրտի կանգերի հետեւանքների դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: