Բաժիններ՝

«Ամեն օր տաքսու ծառայություն է փակվում». Տաքսու վարորդների ներկայացուցիչը ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ դրական տեղաշարժ չի տեսնում

Հայաստանում տաքսի ծառայության ոլորտում առկա խնդիրները շարունակվում են մնալ չլուծված՝ չնայած երկրում տեղի են ունեցել ներքաղաքական փոփոխություններ:

Հունիսի 6-ին լրագրողների հետ զրույցում Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության նախագահ Սերգեյ Գյոզալյանը նշեց, որ իրենց սպասելիքները դեռ չեն արդարանում:

«Ոլորտում առկա խնդիրները շարունակում են մնալ նույնը: Մեր ոլորտն անտեսելն անթույլատրելի է, քանի որ Հայաստանում զբաղվածության 8 տոկոսը կազմում է տաքսի ծառայությունը, որը շատ կարևոր տնտեսական ճյուղ է համարվում»,- ասաց Գյոզալյանը:

Նա նշեց, որ Ավտովարորդների պաշտպանության լիգան առաջարկով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը լինի իրենց ոլորտից:

«Դա շատ կարևոր է, որովհետև 20 տարում այս խնդիրները առաջ եկան այն պատճառով, որ նախարարությունը ղեկավարել են ոլորտին ընդհանրապես առնչություն չունեցող անձնավորություններ: Նախարարությունը պետք է ղեկավարի այն անձը, ով հասկանում է ոլորտի խնդիրները»,- նշեց Գյոզալյանը:

Նրա խոսքով` տաքսու վարորդների շրջանում կան գիտությունների թեկնածուներ, տարբեր մասնագետներ, ովքեր ունակ են լուծելու ոլորտում առկա խնդիրները:

«Մենք պահանջում ենք չանտեսել և հաշվի նստել մեզ հետ: Նախ և առաջ՝ դա պետք է դրսևորվի նրանով, որ նախարարի պաշտոնին թեկնածու առաջադրվի մեր միջավայրից, որ կարողանա կարգավորել այս բազմաթիվ խնդիրները:

Ամեն օր տաքսու ծառայություն է փակվում: Մեր ամենահամեստ հաշվարկներով այս ոլորտը սխալ կարգավորման հետևանքով տարեկան մոտ 1 միլիարդ դրամ չի մուծվում պետական բյուջե: Մի՞թե պետությանը այս գումարը անհրաժեշտ չէ»,- ընդգծեց Գյոզալյանը:

Նրա խոսքով` դրա հետևանքներից մեկն է ինտերնետ տաքսի ծառայությունների գործունեությունը:

«Վարորդներին շարունակում են տույժ ու տուգանքների ենթարկել, գույքը բռնագանձել, հաշիվները արգելափակել: Մայիսի 16-ին նամակ ենք ուղարկել նախարարին և պահանջել, որպեսզի նախկին տարիներին կուտակված տույժն ու տուգանքները լիցենզիաների հետ կապված չեղարկեն: Պահանջեցինք, որպեսզի նախարարի տեղակալները, վարչության պետերը լինեն մեր ոլորտից: Ինչո՞ւ մինչև հիմա չկան բացահայտումներ: Դա անթույլատրելի է, և պահանջում ենք, որպեսզի նախարարությունը ղեկավարի մեր միջավայրից ընտրված թեկնածու»,- եզրափակեց Գյոզալյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս