«Պահանջների կամ վերջնագրերի լեզվով խոսելը ճիշտ չէ»

Հայաստանյան «թավշյա հեղափոխության» հետքերով Արցախում սկսված բողոքի զանգվածային ակցիաները սևեռել են հայ հանրության ուշադրությունը, իսկ օրեր առաջ «կրակի վրա յուղ լցրեց» ԱԱԾ-ի մի խումբ զինծառայողների կողմից Ստեփանակերտում 2 քաղաքացու ծեծի ենթարկելու փաստը։

Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն էր հրավիրել, որտեղ քննարկել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Նա կրկին դատապարտել է Ստեփանակերտում տեղի ունեցած ցավալի միջադեպը։ «Հետաքննությունն անվերապահորեն տարվելու է օրենքի տառին ու ոգուն խիստ համապատասխան և հնարավորինս հրապարակային՝ հանրությանը պարբերաբար իրազեկելով ընթացքի մասին: Բոլոր մեղավորները ենթարկվելու են պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- նշել է Բակո Սահակյանը:

Արցախյան իրադարձություններին անդրադարձել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին «մենակ չթողնել Բակո Սահակյանին»։

Ըստ նրա՝ ուժային կառույցների` ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները, իսկ ԼՂՀ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը Բանակից հետո Ղարաբաղի անվտանգության ապահովման կարևորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել: «Անհրաժեշտ է մի երրորդ, չեզոք կողմի ակտիվ միջամտությունն ու հորդորը` Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար: Այդ կողմը դեռևս 1993 թվականից իրեն պաշտոնապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր հայտարարած երկրի` Հայաստանի Հանրապետության ղեկավարն է` Նիկոլ Փաշինյանը»,- նկատել է Լ.Տեր-Պետրոսյանը։

Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, սակայն, «168 ժամի» հետ զրույցում հավաստիացրեց, որ Արցախում կատարյալ կայունություն է։

«Նույնիսկ, եթե որևէ մեկը գա Ստեփանակերտ, չիջնի ավտոկայանի մոտ, որտեղ կանգնած են մի քանի տասնյակ մարդիկ, չի էլ պատկերացնի, որ ինչ-որ ցույցեր են։ Կատարյալ կայուն վիճակ է, որևէ ապակայունացում չկա, որևէ վտանգ չկա, կյանքը նորմալ շարունակվում է»,- ասաց նա՝ ստեղծված իրավիճակի լուծումը դիտարկելով մի քանի հարթություններում՝ իրավական, քաղաքական և բարոյական։

«Իրավական հարթությունում, իհարկե, միջադեպի բոլոր մեղավորները պետք է պատժվեն, օրենքի առջև հավասար լինեն։ Մենք չունենք արտոնյալներ, մենք չունենք ստրուկներ, մենք չունենք ստրկատերեր։ Սա այն հասարակությունը չի, որ որևէ մեկն ունենա արտոնություն, որովհետև Արցախի Հանրապետությունը ստեղծվել է ոչ միայն ազգային-ազատագրական պայքարի արդյունքում, այլև մարդու իրավունքների համար մղված պայքարի արդյունքում, հետևաբար՝ պետք է արդարությունը պահպանվի։ Երկրորդ՝ քաղաքական տեսանկյունից պետք է ամեն ինչ արվի, որպեսզի օրենքի գերիշխանությունն ապահովվի, և ամեն ինչ արվելու է այս ուղղությամբ։

Եթե դա չլինի, դա երկպառակություն է, դա պատկերացնո՞ւմ եք՝ ինչի կարող է բերել, իսկ մենք, ունենալով այսպիսի հարևաններ-թշնամիներ՝ Թուրքիա, Ադրբեջան, որոնք նյութական առումով մեզնից շատ առավել են, ինչը մենք կարողանում ենք կոմպենսացնել միայն մեր հոգևոր արժեքներով՝ միասնականությամբ և այլն, իսկ դրա ամենամեծ վտանգն արդարության ոտնահարումն է, և, հետևաբար, արդարությունը միշտ պետք է պահպանվի ու պահպանվելու է։ Եվ վերջապես, բարոյական տեսանկյունից պետք է նաև ոչ միայն նայել իշխանությունների դերակատարությունը, այլ նաև հանրության, այնպես դաստիարակել մարդկանց, արժեքները սերմանել, որպեսզի հայը հայի դեմ այդպիսի արարք չգործի, իսկ սա գալիս է ընտանիքներից, դպրոցներից, մանկապարտեզներից»,- ասաց Դ.Բաբայանը։

Նրա խոսքով՝ միշտ պետք է ամեն ինչ արվի, որ օրենքը լինի գերիշխող, և հարցը միայն այս դեպքի մասին չէ, որպեսզի երկրում չլինեն արտոնյալներ և ոչ արտոնյալներ, թշվառներ և ընտրյալներ. «Այդպիսի բան չկա և չի էլ կարող լինել»։

Անդրադառնալով ԱԱԾ-ի և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջին՝ Դ.Բաբայանը նշեց, որ պահանջների կամ վերջնագրերի լեզվով խոսելը ճիշտ չէ. «Եթե կան մարդիկ, որոնք մեղավոր են, օրենքը խախտել են, նրանք պետք է պատժվեն և կրեն պատասխանատվություն, բայց դրանից հետո համակարգային մոտեցում է պետք, որպեսզի երևույթների դեմ պայքարենք, ոչ թե երևույթները բարդենք անձերի վրա»։

Ի պատասխան հարցի՝ արդյոք անհրաժե՞շտ է ՀՀ միջամտությունը Արցախում, Դ.Բաբայանը կրկնեց, որ Արցախում և Ստեփանակերտում իրավիճակը շատ կայուն է. «Մենք ճգնաժամում չենք, մենք քաղաքացիական պատերազմում չենք, որ ողջ հայությունը միջամտի։ Հասկանում ենք, որ կա հետաքրքրություն, և ողջունելի է, որ ողջ հայության ուշադրությունը սևեռված է Արցախի վրա, ոչ թե այս պահին, այլ ընդհանրապես, բայց այս պահի դրությամբ չկա որևէ նման միջամտության կարիք, և ընդհանրապես կողմնակի միջամտությունը կարող է ինչ-որ հարցեր փակել, բայց դրա լուծումը պետք է լինի ներսում»։

Արցախի ԱԺ «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանի կարծիքով՝ իրավիճակի հանգուցալուծումը երկու ուժայինների՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի և ոստիկանապետ Կամո Աղաջանյանի աշխատանքից ազատումն է։ «Կարծում եմ՝ ինչքան այս որոշումն ուշացվի, այնքան բարդություններ են ստեղծվելու, որովհետև այնքան բողոք է կուտակվել և կուտակվում է։ Կարծում եմ՝ նախագահը պետք է հստակ հակաճգնաժամային քայլեր ձեռնարկի»,- ասաց Հ.Խանումյանը։

Ըստ նրա՝ ուժային պաշտոնյաների փոփոխությունը չի կարող ռիսկեր ստեղծել Արցախի անվտանգության համար. «Ինչի այդ ուժայիննե՞րն են պաշտպանում մեզ Ադրբեջանից։ Մեկը ոստիկանապետ է, մեկը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալը։ Ի՞նչ խնդիր կա։ Բանակի հետ խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է, և ԱԱԾ մյուս ստորաբաժանումները, որ առնչվում են բանակին, նրանց հետ նույնպես խնդիր չկա։ Սա ընդամենը պաշտոնատար անձանց դիրքի չարաշահման, հովանավորչության և այլնի հետ կապված խնդիրներ են, և անվտանգության հետ կապված չի այդ պաշտոնյաների հեռացումը»։

Դիտարկմանը, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր զգուշացրել՝ ուժայինների փոփոխության և Արցախի անվտանգության հետ կապված, Հ.Խանումյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ կտրված է իրականությունից, ընդհանրապես չի հասկանում՝ Արցախում ինչ է կատարվում և, նույնիսկ իր գրածի երկրորդ մասն Արցախում երիտասարդության լիաթոք ծիծաղն է առաջացրել, իսկ ավագ սերնդի մոտ՝ քամահրական քմծիծաղ։ Այնպես որ, լավ կլինի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսի այն թեմաներից, որոնցից հասկանում է կամ գոնե հետազոտել է»։

Լևոն Տեր-Պետրոսյանի կոչին, որ Բակո Սահակյանին պետք չէ մենակ թողնել, Արցախի ԱԺ պատգամավորը հակադարձեց, որ Բակո Սահակյանը բոլորովին էլ մենակ չէ. «Ձեր կարծիքով՝ Բակո Սահակյանը մենա՞կ է։ Ինչի՞ է մենակ։ Հունիսի 4-ին ԱԺ արտահերթ նիստ է եղել, քաղաքական ուժերը հստակ դրել են պահանջներ։ Բակո Սահակյանը, կարծում եմ, մենակ չի, և չնայած որոշումները տվյալ դեպքում միայն ինքը պետք է ընդունի՝ ազատել նրանց, թե ոչ, բայց կարծում եմ, որ հանրության տարբեր շերտերի կողմից իրեն հստակ նման առաջարկ արվել է»։

«168 Ժամ» թերթ

Տեսանյութեր

Լրահոս