
«Մի անգամ Էրդողանն ինձ ասել է, որ իրենք հետևում են անգամ, թե ինչպես եմ ես շնչում». Քըլըչդարօղլու

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները գաղտնալսում են իրենց հեռախոսները:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Քըլըչդարօղլուն հայտարարել է նաև, որ իշխանությունները Պաղեստինի դեպքերի հետ կապված նախապատրաստվող հանրահավաքի պատճառով գաղտնալսել են նաև Թուրքիայում գործող Saadet կուսակցության ներկայացուցիչների հեռախոսները:
«Այսօր, եթե մարդիկ անհանգստանում են նույնիսկ հեռախոսով խոսելիս, դա վկայում է այս երկրում ժողովրդավարության բացակայության մասին: Իմ կուսակցության նախագահ դառնալուց ի վեր և՛ իմ, և՛ կուսակցության մյուս ղեկավարների հեռախոսները գաղտնալսվում են: Գաղտնալսված տեղեկատվությունը փոխանցվում է մի մարդու (իմա՝ նախագահ Էրդողանին): Նույնիսկ մի անգամ Էրդողանն ինձ ասել է, որ իրենք հետևում են անգամ, թե ինչպես եմ ես շնչում»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն:
Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը նշել է, որ Թուրքիան վերածվել է մի հետախուզական երկրի, և որ հետախուզական մարմինները աշխատում են Էրդողանի համար:
«Թուրքիան դարձել է հետախուզական մի երկիր: Դարձել է մի երկիր, որտեղ հետախուզական կազմակերպությունները աշխատում են Էրդողանի համար: Մենք թշնամի չենք, որ մեզ հետևում եք: Սա իրականում որոշակի հիվանդություն է: Պետությունը չղեկավարելու և սեփական ապագայի համար անհանգստանալու մի հիվանդություն է»,-նշել է նա: