Բաժիններ՝

Ոստիկանության պաշտոնյան՝ մեղադրյալի աթոռին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է առանց օրինական հիմքերի և կեղծիքներով անձնագրավորված հերթական քաղաքացու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել ՀՀ ոստիկանության ԱՎՎ Ջերմուկի անձնագրային խմբի առաջատար մասնագետ Մարիամ Մկրտչյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու` պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով բազմաթիվ անձանց կեղծ հիմքերով ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու դեպքերի առթիվ:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Մ. Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, և նրա մասով քրեական գործն ուղարկվել էր դատարան:

Այնուհետև նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել մի շարք անձանց կողմից Ջերմուկի անձնագրային բաժնից առանց օրինական հիմքերի տրված անձնագրերն օգտագործելու մասին: Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնք միացվել և քննվել են մեկ վարույթում:

Հիշյալ քրեական գործերից մեկով քննություն է տարվել Մ. Մկրտչյանի կողմից առանց օրինական հիմքերի և կեղծիքներով անձնագրավորված Արմեն Վեզիրյանի վերաբերյալ, ում անձնագրավորման հիմքերը անձնագրային ծառայության քարտադարանում բացակայել են: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մկրտչյանը Ա. Վեզիրյանին անձնագրավորել է առանց օրինական հիմքերի և նրա անձնագրում ակնհայտ կեղծ տվյալ է մտցրել Ջերմուկի Կետչուտ գյուղում վերջինիս հաշվառված լինելու մասին, մինչդեռ Ա. Վեզիրյանը Ջերմուկում երբևէ հաշվառված չի եղել և չի բնակվել:

Ա. Վեզիրյանը օգտագործել է Ջերմուկի անձնագրային բաժնից ստացած, իր հաշվառման մասին ակնհայտ կեղծ տվյալներ պարունակող հիշյալ անձնագիրը, որը 2017 թվականի սկզբներին փոխանակման և այլ հասցեում հաշվառվելու նպատակով ներկայացրել է Իսպանիայում ՀՀ դեսպանատուն:

Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքի համար Արմեն Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա. Վեզիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս