«Նաիրիտի» թալանի իրավախորհրդատուն աշխատում է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունում
«Թավշյա հեղափոխությունը» նոր հույսեր է արթնացրել նաև արդեն տարիներ շարունակ անարդարության դեմ պայքարող նաիրիտցիների մոտ։ Օրերս էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մեզ տեղեկացրել էր, որ «Նաիրիտի» սնանկության գործի շրջանակներում գույքի վաճառքը սառեցված է, շուտով գործարանում տեխնիկական աուդիտ է իրականացվելու, և ներդրողների հետաքրքրությունն էլ չի պակասել քիմիական երբեմնի հսկայի հանդեպ։
Նաիրիտցիները նաև հուսով են, որ ԱԱԾ բացահայտումների ալիքը, ի վերջո, կհասնի նաև գործարանին, որի թալանի մութ պատմությունների մասին հրապարակումներն ու կոռուպցիոն մեխանիզմների մասին բարձրաձայնումներն այսքան տարի անուշադրության են մատնվել։
«168 Ժամի» տրամադրության տակ է հայտնվել այդ մութ պատմությունների դրվագներից մեկի մասին վկայող մի փաստաթուղթ։
2016թ. ՀԷՑ-ը դիմել էր դատարան՝ «Նաիրիտ» գործարանին սնանկ ճանաչելու պահանջով։ Հերթական նիստը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր 2017 թ. հունվարի 25-ին, սակայն գրեթե գաղտնի պայմաններում այն տեղի ունեցավ 2016-ի նոյեմբերի 28-ին: Գործարանը սնանկ ճանաչվեց, և սկսվեց, ըստ էության, դրա օրինական թալանը, այսինքն՝ գույքի օտարումն անտրաբանական ցածր գներով։
Պարզվում է՝ դատական նիստն առաջ գցելու գործում մեծ ավանդ ունի «Նաիրիտի» գլխավոր տնօրենի պաշտոնն ընդամենը 1-2 օր զբաղեցրած Ռաֆայել Սանդոյանը, որը երկար տարիներ գործարանի նախկին տնօրեն և թալանի հիմնական համահեղինակ համարվող Վահան Մելքոնյանի իրավական գծով խորհրդականն էր։ Նրա նշանակման խնդրին մենք անդրադարձել էինք 2016թ. նոյեմբերի սկզբին ««Նաիրիտի» գլխավոր տնօրենին փոխում են. Ի՞նչ առաքելություն է իրականացնելու իրանական կեղծ գործարքի համահեղինակը» հրապարակման մեջ։
Սանդոյանը, ըստ էության, ակտիվ խորհրդատվություն էր իրականացրել այն շրջանում, երբ տեղի էր ունեցել հերթական մութ պատմությունը` օֆշորային գոտում գրանցված իրանական «Նումարդ թրեյդինգի» հետ կապված: Հիշեցնենք, որ այս ընկերությունը 2009թ. հուլիսին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում էր ներկայացրել` «Նաիրիտից» 4 մլրդ 949 մլն դրամ բռնագանձելու պահանջով, որպես չկատարված պարտավորության փոխհատուցում, և գործը քննող դատավոր Արա Կուբանյանը բավարարել էր ընկերության միջնորդությունը՝ պետտուրքից ազատելու կամ տարաժամկետելու վերաբերյալ, և հայցադիմումը վարույթ էր ընդունել` առանց տուրքի վճարման անդորրագրի:
Պետական տուրքն առաջին ատյանում կազմում է հայցապահանջի գումարի 2%-ը, տվյալ դեպքում՝ 98 մլն դրամ:
2010 թ. սեպտեմբերին դատավոր Կուբանյանը բավարարել էր հայցը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից հօգուտ «Նումարդ թրեյդինգի» բռնագանձել 4 մլրդ 949 մլն դրամ, միաժամանակ որոշել էր «Նաիրիտ» գործարանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել պետտուրքի գումար՝ նշված 98 մլն դրամը:
Իրադրությունը փոխվեց Ֆինանսների նախարարության ստուգումների ու «Հետքի» աղմկահարույց բացահայտումներից հետո, երբ ավելի քան 1 տարի անց «Նաիրիտը» բողոքարկեց և շահեց դատը: Այսինքն՝ «Նաիրիտի» պարտքը զրոյացվեց։
Վերաքննիչը գործը բեկանել էր և 2012 թ. մայիսին ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության համար, որտեղ արդեն անցած տարի նոյեմբերին վճռվել էր «Նումարդ թրեյդինգից»` հօգուտ ՀՀ պետբյուջեի, որպես պետական տուրքի գումար՝ բռնագանձել ավելի քան 247.5 մլն դրամ, որից 98 մլն դրամը չվճարված պետական տուրքի գումարն է: Այս բռնագանձումը, իհարկե, չարվեց, քանի որ օֆշորային ընկերության հետք անգամ բռնել ԴԱՀԿ-ն չկարողացավ:
Եվ ահա արդեն ՀԷՑ-ի հետ դատական պատմության արդյունքում բացահայտվեց, որ օֆշորային թալանին սերտ առնչություն ունեցող Ռ.Սանդոյանը՝ իր տնօրինության չափազանց կարճ ժամանակահատվածում, կրկին ճակատագրական դերակատարում է ունեցել «Նաիրիտի» համար։ Նոյեմբերի 8-ին նա նամակ է գրել դատարանին «Նաիրիտ գործարանի» և Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության միջև բանակցությունների ավարտի մասին։
«Հայտնում ենք, որ բանակցությունները՝ կապված հաշտության համաձայնություն ձեռք բերելու հետ, դադարել է և սպառվել վեճի լուծման բոլոր հնարավոր տարբերակները։ Ուստի խնդրում ենք նշանակել դատական նիստ և գործն ըստ էության լուծել դատական կարգով»,- գրել է Սանդոյանը։
Սա նշանակում է, որ նա դիտավորությամբ արագացրել է սնանկության գործը՝ լավ իմանալով, որ գործարանի համար ներդրողներ գտնելու նպատակով Էներգետիկայի նախարարությունը մրցույթ է հայտարարել, ներկայացված է եղել 2 հայտ, և 2017 թ. հունվարի 20-ին փաթեթների բացման օրն է։ ՀԷՑ-ի հետ դատը նշանակված էր հունվարի 21-ին։ Այսինքն՝ եթե մրցույթում ներդրողներից մեկը հաղթող ճանաչվեր, դատն արդեն ուժը կորցնում էր, և գործարանը չէին կարող սնանկ ճանաչել։
Ինչո՞ւ է Սանդոյանը՝ այս ամենը լավ իմանալով, որպես գլխավոր տնօրեն՝ նամակ գրել և, ըստ էության, համաձայնություն տվել, որ գործարանը սնանկ ճանաչվի։ Որոշ գնահատականներով՝ սա վկայում է, որ նա բացահայտ աշխատել է ի վնաս «Նաիրիտի» շահերի և շահագրգիռ կողմ է հանդես եկել, որ գործարանը սնանկ ճանաչվի։
Ուշագրավ է, որ 2016թ. նոյեմբերին մեր հրապարակումից հետո Ռ.Սանդոյանին ազատեցին գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնից։ Սակայն առավել ուշագրավ է, որ նա անգործ չի մնացել։ Կարճ ժամանակ անց Սանդոյանն աշխատանքի է անցել այն ժամանակ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում, այսօր արդեն՝ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունում։ Մի կառույցում, որը կոչված է պայքարելու կոռուպցիայի դեմ։