Գիտնականները պարզել են, որ արագ քայլելն ավելի արդյունավետորեն է երկարացնում կյանքը
Սիդնեյի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները եկել են այն եզրակացության, որ արագ քայլելն ավելի արդյունավետորեն է երկարացնում կյանքը, քան դանդաղ զբոսանքները: Հետազոտողների հոդվածը հրապարակված է British Journal of Sports Medicine-ում: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:
Մասնագետները վերլուծել են Անգլիայում եւ Շոտլանդիայում 50 հազար 225 մարդկանց զննումների ընթացքում ստացված տվյալները, որոնք անցկացվել է 1994-2008 թվականներին: Մասնակիցները հայտնել են, թե որ տեմպն են (դանդաղ, միջին եւ արագ) նախընտրում ոտքով զբոսանքների ժամանակ, իսկ հետազոտողները ցուցանիշները ճշտել են այնպիսի գործոնների հաշվառմամբ, ինչպիսիք են՝ տարիքը, սեռը, ընդհանուր ֆիզիկական ակտիվությունը եւ մարմնի զանգվածի ինդեքսը:
Պարզվել է, որ քայլելու միջին տեմպը ցանկացած պատճառներից վաղաժամ մահվան ռիսկը 20 տոկոսով նվազեցրել է դանդաղ զբոսանքների համեմատությամբ: Նրանց մոտ, ովքեր արագ են քայլել, ռիսկը նվազել է 24 տոկոսով: Միջին եւ արագ տեմպով քայլելու դեպքում սիրտ-անոթային հիվանդություններից մահվան հավանականությունը նվազել է համապատասխանաբար 24 եւ 21 տոկոսով:
Զբոսանքների դրական ազդեցությունն ավելի արտահայտված է եղել 60-ից բարձր տարիքի մարդկանց մոտ: Միջին տեմպը նպաստել է սիրտ-անոթային հիվանդություններից մահվան ելքի ռիսկը 46 տոկոսով նվազեցնելուն, իսկ արագը՝ 53 տոկոսով: