«Կոտայքի մարզպետարանը՝ իմ անմիջական առաջնորդությամբ, հասանելի է լինելու Կոտայքի մարզի յուրաքանչյուր բնակչի համար». նորանշանակ մարզպետ

Կոտայքի մարզի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեսբուքյան իր էջում ուղերձ է հղել մարզի բնակիչներին.

«Սիրելի քաղաքացիներ, ինչպես արդեն տեղեկացել եք, սույն թվականի հունիսի 1-ի ՀՀ կառավարության որոշմամբ ինձ է վստահվել Կոտայքի մարզի մարզպետի պատասխանատու և խիստ պարտավորեցնող պաշտոնը։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ հանձին վարչապետի, նման բարձր վստահության համար ևվստահեցնել, որ խորապես գիտակցում եմ ստանձնածս պարտավորվածությունների և պատասխանատվության աստիճանը։

Ստանձնելով այս կարևորագույն պաշտոնը՝ վստահեցնում եմ, որ Ձեզանից յուրաքանչյուրը տեսանելի ապագայում առարկայորեն զգալու է թավշյա և ոչ բռնի Հեղափոխության մուտքը մեր մարզ, մարզի յուրաքանչյուր քաղաք, համայնք և անգամ թաղամաս։ Հավաստիացնում եմ, որ այսուհետ Կոտայքի մարզպետարանը՝ իմ անմիջական առաջնորդությամբ, հասանելի է լինելու Կոտայքի մարզի յուրաքանչյուր բնակչի համար, ողջ աշխատակազմը լծվելու է օրնիբուն աշխատանքի՝ իր առջև ունենալով մեկ առաջնահերթ խնդիր՝ շրջադարձային բարեփոխումների միջոցով հիմնովին փոխել քաղաքացու կյանքի որակը Կոտայքի մարզում։

Մենք խորապես տիրապետում ենք մեր մարզում առկա խնդիրներին, դրանց առաջացման պատճառներին և ունենք հստակ ճանապարհային քարտեզ, ինչպես նաև՝ անհրաժեշտ քաղաքական կամք, հետևողական և քրտնաջան աշխատանքի միջոցով մարզում իրականացնելու հիմնարար փոփոխություններ։

Հարգելի քաղաքացիներ, ցանկանում եմ ևս մեկ անգամ արձանագրել այն փաստը, որ արժեհամակարգային վերափոխման գործընթացը թակել է բոլորիս դռները։ Որպես Մարզպետ խնդրում և հորդորում եմ՝ գիտակցել կատարվող փոփոխությունների խորքայնությունը և մեր երազած Հայրենիքի կերտման գործում բոլորիս մասնակցության կարևորությունը։

Լիահույս եմ, որ մեր մարզում իրական փոփոխություններ ապահովելու ճանապարհին միասին կապահովենք իշխանություն և քաղաքացի փոխգիտակցված համագործակցությունը կյանքի բոլոր ոլորտներում։ Վստահ եմ՝ միայն այդ ճանապարհով և միասնաբար գործելով ենք հասնելու մեր երազած իրավական պետության կայացմանը։

Այսպիսով՝ ազդարարում եմ Կոտայքի մարզի ամբողջական բարեփոխման գործընթացի սկիզբը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է Կոտայքի մարզի բնակչի վերափոխմանը Հայաստանի Հանրապետության Քաղաքացու։

Կոտայքի մարզպետ՝ Ռ.Պետրոսյան»:

Տեսանյութեր

Լրահոս