Չինաստանի ոստիկանությունը դանակով հարձակումից խույս տալու յուրօրինակ միջոց է առաջարկել
Չինաստանի ոստիկանությունը թողարկել է ուսուցանող տեսահոլովակ՝ նվիրված դանակով հարձակումից պաշտպանությանը: Տեսագրությունն արագորեն դարձել է վիրուսային։ Ինչպես հայտնել է Daily Mail-ը, իրավակարգի պահապանները մոդելավորել են իրավիճակ, որտեղ չարագործը մոտենում է մարդուն եւ ճոճում սառը զենքը:
«Զոհ» դարձած ոստիկանը ցուցադրում է ինքնապաշտպանության լավագույն միջոցը՝ արագորեն շրջվել ու փախչել: Սկզբում կադրում լուրջ սպա է կանգնած, որը հայտնում է. «Այսօր մենք ձեզ կսովորեցնենք՝ ինչ անել, երբ դուք հանդիպում եք զինված հանցագործի»: Փախչելով՝ նա գոչում է.
«Օգնեցե՜ք: Ոստիկանությու՜ն»: Տեսահոլովակը Weibo-ում հրապարակվել է Հուբեյի նահանգի Շիյանի օկրուգի ոստիկանանական բաժանմունքի պաշտոնական էջում: Օգտատերերն այն ընդունել են հիացմունքով. կարճ ժամանակում տեսագրությունը դիտել է գրեթե 17 միլիոն մարդ: «Չեմ կարողանում զսպել ծիծաղս… Բայց դա շատ ճիշտ է: Նորմալ մարդը չպետք է գրոհի չարագործի վրա»,- մեկնաբանել են օգտատերերը: