Վահրամ Բաղդասարյանը՝ Սամվել Ալեքսանյանի գրասենյակում տեղի ունեցող ստուգումների, ՀՀԿ-ն լքողների և հետապնդումների մասին

«Սամվել Ալեքսանյանը Հանրապետական խմբակցությունը լքելու մտադրություն չունի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով` պետք չէ զարմանալ ՀՀԿ-ն լքելու մասին որոշ պատգամավորների հայտարարություններից. «Քաղաքական գործընթացներ են, որևէ մեկը երաշխավորված չէ, որ միշտ պետք է լինի մեծամասնություն, իշխանություն: Նորմալ գործընթացներ են»:

Հարցին` Արթուր Գևորգյանի հեռանալն անակնկա՞լ էր, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ Գևորգյանը զանգահարել է իրեն առավոտյան և հայտնել իր մտադրության մասին, դիմումն ուղարկել է, բայց դեռ չեն քննարկել, որովհետև ՀՀԿ խմբակցության նախորդ նիստի օրակարգում չկար այդ հարցը, հաջորդ նիստին դա էլ կքննարկեն:

168.am-ի հարցին, որ ՀՀԿ հենասյուներից մեկը` օլիգարխիան, խարխլվո՞ւմ է, Վ.Բաղդասարյանը հակադարձեց. «Հանրապետականի հենասյունը գաղափարախոսությունն է»:

Հարցին, թե ամեն դեպքում ՀՀԿ կորիզը կմնա՞, խմբակցության ղեկավարը հարցով պատասխանեց. «Դուք ինչ-որ վտանգ տեսնո՞ւմ եք: Սպասեք զարգացումներին»:

Մեր դիտարկմանը, որ տեղեկություններ կան, թե այլ ՀՀԿ-ականներ ևս պատրաստվում են լքել խմբակցությունը, Վ.Բաղդասարյանը հորդորեց իրեն էլ ինֆորմացիա տալ.

«Համենայն դեպս ինձ մոտ նման մտահոգություն չեն հայտնել»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը ՀՀԿ քաղաքական դիրքերն այսօր կայուն է գնահատում:

Սակայն Վ.Բաղդասարյանը չի բացառում, որ ՀՀԿ խմբակցությունն ԱԺ-ում փոքրամասնություն կարող է դառնալ և իրենք պատրաստ են նաև այդ սցենարին.

«Քաղաքականության մեջ ոչ մի բան չի կարելի բացառել: Իհարկե, եթե իշխանություն չես, կարող է նաև այդ իրավիճակը լինել»:

Անդրադառնալով լուրերին, որ ԱԱԾ-ն մտել է նաև Սամվել Ալեքսանյանի տուն և խուզարկել, Վ.Բաղդասարյանը հերքեց. «Չէ, բնակարան չեն մտել, նրա գրասենյակում են ստուգումներ իրականացնում»:

Նա նաև հերքեց, որ երեկ Ս.Ալեքսանյանը բարկացած է եղել և իրենից օգնություն է խնդրել. «Չի եղել, դա ձեր կարծքն է, որևէ բարկացածություն չի եղել, օգնություն էլ չի խնդրել»:

Թե ինչո՞ւ հենց ՀՀԿ պատգամավորները հայտնվեցին ԱԱԾ թիրախում՝ հարցը  Վ.Բաղդասարյանը հորդորեց ուղղել ԱԱԾ-ին:

Դիտարկմանը, որ գուցե հենց նրանց մոտ է եղել հիմնական կոռուպցիան և հենց այդ պատճառով հայտնվեցին թիրախում, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Նախորդ իշխանությունների ժամանակ էլ բավականին բացահայտումներ եղել են, հիմա էլ իրենք ստուգումներ են կատարում: Իրենց պետք է տաք այդ հարցերը, թե ինչի համար հենց այս պահին, ինչի համար հենց այդ մարդկանց: Ինձ թվում է՝ ստուգումների ժամանակ ամեն ինչ պարզ կլինի, համենայն դեպս, եթե կան չարաշահումներ, դրան ի պատասխան անդրադարձեր պետք է լինեն»:

Ըստ նրա` գյուղմթերքների մասով հարցը եղել է պայմանավորվածության դաշում, որպեսզի գյուղացիները չտուժեն, մթերումները կատարվեն. «Դա մսամթերքին և մրգերին է վերաբերում, որ օրենքում կազուս կար, մինչև կարգավորվի, մինչև ամսի 5-ը պայմանավորվել ենք, որ օրենսդրական դաշտը բերեն, քննարկենք, կարգավորենք: Եթե, բացի դա, շրջանցումներ եղել են, այդտեղ շահարկումներ են եղել»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ մյուս գործարարները, օրինակ` Արտակ Սարգսյանը, ևս հայտնվեն ԱԱԾ թիրախում, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, համենայն դեպս, պետք է գնահատականներ տրվեն: Եթե համատարած՝ անկախ կուսակցական և քաղաքական պատկանելիությունից, այդ բոլոր ստուգումները կատարվում է, դա նորմալ է: Եթե միակողմանի է, ես չեմ ուզում գնահատական տալ քաղաքական հետապնդման և այլն, այ, եթե հետաքրքիր է, այդ պատգամավորները դադարեցնեն իրենց անդամակցությունը կուսակցությանը, նորից պետք է ստուգումները շարունակվե՞ն, թե՞ պետք է դադարի: Եթե դադարեցվեն, ինչ-որ բան նշանակում է, բնականաբար, քաղաքական հետապնդում է»:

Տեսանյութեր

Լրահոս