Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի նկարահանումները կսկսվեն դեկտեմբերին
Ջեյմս Բոնդի մասին ցիկլից նոր, 25-րդ կինոժապավենի նկարահանումները կմեկնարկեն այս տարվա դեկտեմբերի սկզբին: Ֆիլմի սցենարը գրելու է «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջոն Հոջը: Այդ մասին ֆիլմի ստեղծողները մայիսի 25-ին հայտնել են Twitter-ում: «Մենք սպասում էինք քեզ, Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմ:
Ջոն Հոջի սցենարով կինոնկարի ռեժիսորը, որտեղ 007 գործակալի դերում հինգերորդ անգամ կհայտնվի Դենիել Քրեյգը, կլինի Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի մրցանակի դափնեկիր Դենի Բոյլը: Ֆիլմի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն 2018 թվականի դեկտեմբերի 3-ին»,-ասված է հաղորդագրության մեջ: Այս տարվա մարտին Բոյլը հայտարարել էր, որ շուտով պլանավորում է սկսել աշխատանքը կինոժապավենի վրա, որպեսզի այն կարողանա թողարկվել մինչեւ տարեվերջ:
Ռեժիսորը նաեւ նշել է ժապավենի պայմանական անվանումը՝ «Ջեյմս Բոնդ-25»: Ջեյմս Բոնդի «գործակալ 007»-ի արկածների մասին կինոշարքի առաջին ֆիլմը՝ «Դոկտոր Նոու» անվանումով, էկրան է բարձրացել 1962 թվականին: Ներկայում «բոնդապատումի» վերջին սերիան՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի «007.ՍՊԵԿՏՐ»-ը (2015 թ.), համաշխարհային վարձույթում վաստակել է ավելի քան 880 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: