
Արցախի ԱԺ նախագահը հյուրընկալել է ստոմատոլոգների միջազգային վեհաժողովի մասնակիցներին

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 28-ին ընդունել է Ստոմատոլոգների առաջին հայ-ամերիկյան վեհաժողովի և ստոմատոլոգների իններորդ միջազգային վեհաժողովի մասնակիցներին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանի նախագահը նախ շնորհավորել է ներկաներին հայ ժողովրդի կյանքում նշանակալի օրվա՝ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի առթիվ և կարևորել օրվա խորհուրդը մեր ժողովրդի պատմության մեջ:
Այնուհետև ողջունելով վեհաժողովի մասնակիցների հերթական հավաքը Ստեփանակերտում՝ ընդգծել է, որ արդեն ավանդույթ դարձած միջոցառումը կարևոր դեր ունի Արցախում համապատասխան ոլորտի զարգացման և կատարելագործման տեսանկյունից, ինչպես նաև վստահություն հայտնել, որ ձևավորված համագործակցությունը լինելու է շարունակական:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը և փոխնախարար Կարեն Բազիյանը: