
Վթար Ստեփանավանի Չերեմուշկա թաղամասում

Մայիսի 27-ին՝ ժամը 21:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չերեմուշկա թաղամասում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Մ. Թ.) և «Mercedes-Benz» մակնիշերի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզվել) ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան հարվածել է գազատարի հենասյանը: Տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել են գազի բալոնների փականները: